NEWS.am-ը փորձել է ուսումնասիրել Հայաստանում մոդելային բիզնեսը, մոդելների կյանքը, նրանց վաստակած գումարները եւ առհասարակ հայաստանյան ֆեյշն ինդուստրիա: «Մոդելինգը «խոպան գործ է», շատ կարճ տեւող աշխատանք է, դրա համար էլ մոդելների համար անհրաժեշտ է մասնագիտություն ունենալ:
Այսօր դու մոդել ես, վաղը մոդել չես: Նույնիսկ մոդելային խոպանում չես կարող այնքան վաստակել, որ մի ամբողջ կյանք կարողանաս ապրել, քանի որ ինչքան շատ ես աշխատում, այնքան շատ ես ծախսում»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը, ով ավելի քան 12 տարի է աշխատել է այս ոլորտում, ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ, դեֆիլեներ թե’ Հայաստանում, թե’ այլ երկրներում:
Հայաստանում ֆեյշն ինդուստրիան իր առաջին քայլերն է անում: «Եթե չկա ֆինանս, չկա ֆեյշն ինդուստրիա, ուրեմն մոդել պետք չէ: Մոդելային բիզնեսը մեզանում շահութաբեր չէ»,- ասաց Միկա Դանիելյանը: Նրա խոսքով` մենք այսօր չունենք գոնե մեկ պոդիում, որը համապատասխանի եվրպական միտումներին, որ դիզայներները կարողանան ցուցադրել իրենց հագուստները, իսկ դա չկա, որովհետեւ ներդրումներ չկան, այնինչ շարժական պոդիում դնելն արժե 3000 եվրո:
Պետության կողմից որեւէ բան չի արվում մոդելային բիզնեսը զարգացնելու համար: Միկա Դանեիլյանը նշում է, որ պետությունը պետք է մտածի այս ոլորտում ուսուցման մասին: Արտերկրում մոդելային բիզնեսով զբաղվում են նախարարությունները` մշակույթի, թեթեւ արդյունաբերության, եւ այլն:
Ո՞վ է մոդելը
Մոդել համարվում են այն ժամանակ, երբ ունենում են աշխատանքային փորձ, մասնակցում են դեֆիլեների, նկարվում են են ամսագրերի շապիկների համար, ունեն բաներներ, պոստերներ, դեֆիլեներ: Մոդել դառնալու համար բավականին ժամանակ է պահանջվում:
Մոդելների 4 կատեգորիաներ են առանձնացվում: Մոդելը կարող է լինել թե ֆոտոմոդելը, թե պարզապես մոդելը, կարող է լինել «part» մոդել, ով նկարվում է տարբեր ֆոտոսեսիաների ժամանակ:
«Դրա համար ոչինչ անհրաժեշտ չէ, օրինակ` մեկն ունի գեղեցիկ ձեռքեր եւ նկարվում է դրա հետ կապված ինչ-որ գովազդում կամ գեղեցիկ ոտքեր ունի եւ աշխատում է գովազդում: Մոդելինգի մեջ մտնում են ցուցադրությունները, ստենդիստկաները, երբ գեղեցիկ աղջիկները կանգնած են եւ ինչ-որ ապրանք են գովազդում, բաներները: Հայտնի դերասանահուհիները, հաղորդավարուհիները, որոնք նկարահանվում են ամսագրերի շապիկին, մոդել չեն, այլ պարզապես հայտնի դեմքեր են, որոնք խթանում են ամսագրի շապիկը:
Մոդելների պահանջարկ մեզանում կա, բայց մեծ չէ: Մեզանում ցուցադրություններն այդքան էլ չեն լինում, վերջին 2 տարվա ընթացքում նորմալ ցուցադրություններ չկան: Խանութները ցուցադրություններ են կազմակերպում, բայց դա իրենց ապրանքը գովազդելու միջոց է, իսկ ֆեյշն ցուցադրություններ չեն լինում»,- ասաց Միկա Դանիելյանն ու հավելել. «Այստեղ հարց է առաջանում, թե ինչ իմաստ ունի մոդել աշխատել, երբ ցուցաադրություններ չեն լինում, իսկ Եվրոպա գնալն էլ շատ հեռու է»:
Ինչքա՞ն է վաստակում մոդելը
Ցուցադրությունների արժեքն սկսվում է 30.000 դրամից մինչեւ 80.000 դրամ, դա մոդելին հասանելիք գումարն է, գործակալության տոկոսներն առանձին են: Գովազդներում նկարվելը սկսվում է 90.000 դրամից մինչեւ 150.000 դրամ, իսկ տեսահոլովակներում նկարահանվելը` 150.000 դրամից մինչեւ 200.000 դրամ: Բաներային նկարահանմանը մասնակցելու սակագներն սկսվում է 1500 դոլարից, իսկ երբ որեւէ մոդել դառնում է խանութի կամ ինչ-որ ընկերության դեմք, ապա այդտեղ նա կայուն աշխատավարձ է ստանում:
Մոդելինգի պատմությունից
Մոդելի մասնագիտությունը սկզբնավորվել է 1930-ականներին, երբ ռուս արիստոկրատները գաղթել են Փարիզ եւ կանանց առաջարկվում էր աշխատել խանութներում` հագնել զգեստները եւ ցուցադրել հաճախորդներին: Մինչեւ 1930-ականները դիզայներները նկարում էին հագուստները կնոջ վրա եւ դրանք էլ հայտնվում էին ամսագրերում:
Այդպես մոդելային բիզնեսը սկզբնավորվեց, զարգացավ եւ ամբողջ աշխարհում այն համարվում է բավականին շահութաբեր: Ընդ որում` մեծ գումարներ են վաստակում ոչ միայն մոդելները, այլեւ մոդելային գործակալությունները: Սովետական շրջանում կային նորաձեւության տներ: Հայաստանում մոդելի մասնագիտությունն սկսեց զարգանալ 1990-ականներից հետո, երբ բացվեցին մոդայի դպրոցներ, տարբեր թատրոններ եւ այլն:
Շարունակելի
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























