Կուբայի եւ Վենեսուելայի իշխանությունները հունիսի 28-ին հրապարակել են լուսանկարներ եւ տեսանյութ, որոնցում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն է: Չավեսն առաջին անգամ է հայտնվել հեռուստաէկրաններին` հունիսի 10-ին վիրահատվելուց հետո: Լուսանկարներն ու տեսագրությունները, ինչպես ասվում է Վենեսուելայի տեղեկատվական նախարարությունից, արվել են Հավանայի կլինիկաներից մեկում, որտեղ պառկած է եղել Չավեսը:
Տեղեկատվության նախարարի խոսքով` այդ տեսագրությունները նպատակ ունեն «հանգստացնել նախագահի առողջական վիճակով անհանգստացած Վենեսուելայի ժողովրդին», եւ դրանք նախատեսված են նրանց համար, ովքեր «ենթադրություններ են անում Չավեսի առողջական վիճակի մասին»:
Բանն այն է, որ հապճեպ վիրահատությունից հետո որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Չավեսը հիվանդ է քաղցկեղով եւ ծայրահեղ ծանր վիճակում է: Մինչդեռ նա ենթարկվել է «ներկոնքային աբսցեսսի» վիրահատության:
Տեսագրությունում, որը տարածվել է հունիսի 28-ին, Չավեսը զրուցում է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի հետ: Երկուսն էլ կրում են մարզական հագուստ, որոշ կադրերում նրանք շրջում են մաքուր օդում, ինչպես նաեւ թերթն են կարդում: Մի քանի լուսանկարներ կան, որոնցում Չավեսի կողքին նստած է մի աղջիկ, որը, ենթադրաբար, նրա թոռնուհին է:




























