«Հայ Դատի» վաշինգտոնյան գրասենյակը պահանջում է Լեռնային Ղարաբաղին ընդգրկել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Կազանում ուրբաթ օրը տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին, «Հայ Դատի» վաշինգտոնյան գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը կարծիք է հայտնել, որ ԼՂ խնդիրը հնարավոր է լուծել միայն երկու դեպքում. եթե ԼՂՀ իշխանությունները մասնակցեն բանակցություններում եւ եթե կարգավորման հիմքում լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշումը:
Չուլջյանի խոսքով` այն սկզբունքները, որոնց հիման վրա ներկայումս ընթանում են բանակցությունները, ճնշում են Հայաստանի վրա, եւ չեն երաշխավորում Ղարաբազի ապագա կարգավիճակը: «Հարկավոր է, որ Ղարաբաղի իշխանությունները նստեն բանակցային սեղանի շուրջ եւ առաջ քաշեն արդարացի սկզբունքներ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի իսկապես երկարաժամկետ լուծում տալ հակամարտությանը»,-նշեց «Հայ Դատի» Վաշինգտոնի գրասենյակի մամուլի պատասխանատուն:
Դիտարկմանը, թե նախօրեին Կազանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` նրանց կոչ անելով «վճռորոշ քայլեր կատարել խնդրի կարգավորման ուղղությամբ», Էլիզաբեթ Չուլջյանը այսպես է պատասխանել. «Բարաք Օբաման, երբ նախագահի թեկնածու էր, խոստացել է, որ անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, ցավոք սրտի, մինչ այժմ նա չի կատարել իր խոստումը: Նա նաեւ խոստացել է, որ կպայքարի ԼՂ ժողովրդի ինքնորոշման համար, սակայն, ցավոք, երբ ուսումնասիրում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների ընթացքում արվող առաջարկներն ու սկզբունքները, տեսնում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքները մեծ վտանգի առաջ են կանգնած: Մենք չենք համարում, որ Օբաման կատարում է իր խոստումները»:




























