«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեվքեթ Շայդուլինը մոտ ժամանակներս չի լքի իր պաշտոնը: Այդ մասին NEWS.am-ին ասացին ընկերության մամուլի ծառայությունից: Վահագն Պետրոսյանը նշեց, որ Շայդուլինին առաջարկ եղել է` անցնել այլ աշխատանքի, սակայն ռուս մասնագետը դա մերժել է: «Շեւքեթ Շայդուլինը դեռեւս մեծ պրոյեկտներ պետք է իրականացնի Հայաստանում, նրա հեռանալու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Վ. Պետրոսյանը:

Նշենք, որ Շ. Շայդուլինի Հայաստանից հեռանալու մասին լուրը տարածել են ռուսական լրատվամիջոցները: Ըստ այդ հաղորդագրության, նա պետք է պաշտոն ստանար «Ռուսական երկաթուղի» ընկերության կենտրոնական ապարատում: Նրա հեռանալը կապվում էր դեպի Ադրբեջան ու Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացի սառեցման հետ:

Հիշեցնենք, որ Շ. Շայդուլինը «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն էր նշանակվել 2008 թ. դեկտեմբերի 9-ին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100 տոկոս դուստր ձեռնարկությունը: