«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Խորհրդային հանրահայտ անեկդոտ. հայկական ռադիոյին հարցնում են՝ «Կարո՞ղ է սովորական սովետական ինժեները ավտոմեքենա գնել»։ Ռադիոն երկար լռում է, իսկ հետո պատասխանում՝ «Իսկ ձեզ մոտ նեգրերին են ծեծում»։

Դեմագոգիայի, «խոսքը կտուրը գցելու», ուղիղ հարցին ուղիղ պատասխան չտալու դասական, կասեի նույնիսկ՝ դասագրքային օրինակ։

Քաղաքական գործիչների, մեկնաբանների, լրագրողների մոտ ընդունված է այդ հնարքը, որը հաճախակի օգտագործվում է հրապարակային բանավեճում՝ որպես «տակից դուրս գալու» ձեւ։ Այդ դեմագոգիան, օրինակ, հաճախ կիրառվում է ներկա իշխանությունների հասցեին քննադատությունը «չեզոքացնելու» նպատակով։ Ենթադրենք, Հրանտ Բագրատյանը վերլուծում է ներկայիս տնտեսագիտական վիճակը. այդ դիտարկումներին զուտ տնտեսագիտական հակափաստարկներով պատասխանելը, ենթադրում եմ, այնքան էլ հեշտ չէ։ Շատ ավելի դյուրին է ասել՝ բա որ դու, երբ վարչապետ էիր, «վայրենի լիբերալիզմով» էիր զբաղվում, երկիրը քանդում-թալանում էիր, դու ի՞նչ իրավունք ունես որեւէ բան ասելու։ Կամ՝ ասենք, երբ որեւէ արտասահմանցի քաղաքագետ մեզ համար անհաճո տեսակետ է հայտնում, էլ ինչի՞ համար է պետք գլուխ ցավեցնել՝ նրա ասածների մեջ խորանալու համար։ Կարելի է արտաբերել՝ «հատուկ ծառայություններ» բառակապակցությունը, որը մոգական ուժ ունի. արտասանելով այն՝ դու քեզ ազատում ես ենթադրյալ «լրտեսի» մտքերին անդրադառնալու ծանր պարտականություններից»: