Սանկտ-Պետերբուրգում հունիսի 26-ին տեղի է ունեցել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի հոգեւորականների տարեկան հաշվետու ժողովը:

Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ թեմի ղեկավար Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն անդրադառնալով եկեղեցաշինությանը, նշել է, որ այս տարվա մայիսին Դոնի Ռոստովում օծվել էՍ. Հարություն եկեղեցին, որը կառուցվել է 1965 թվականին կոմունիստների կողմից քանդված պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում:

Բացի այդ, հունիսի 30-ին օծվելու է նաեւ Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ժողովականները տեղեկացել են, որ շուտով հայ հավատացյալների առջեւ իրենց դռները  կբացեն Եկատերինբուրգի, Վլադիվոստոկի եկեղեցիները: Թեմակալ առաջնորդը տեղեկացրել է նաեւ, որ բարեհաջող շարունակվում են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքները: Մոսկվայի Պոկլոննայա Գորայում նախատեսված Մեծ հայրենականի եւ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող «Սրբոց նահատակաց» հայկական եկեղեցու կառուցման համար  քարերն Հայաստանից արդեն բերվել են:  

Թեմի ղեկավարի ներկայացմամբ, թեմում ստեղծվում են  նոր ծխական համայնքներ եւ արդեն կան քաղաքներ, որոնց թվում` Վլադիմիրը, Պերմը, Մագնիտոգորսկը, Նովոսիբիրսկը, Նիժնի Նովգորոդը, Իժեւսկը, Ռոստովը քահանաների կարիք ունեն:

Այն համայնքներում, որտեղ  դեռեւս չկան  կիրակնօրյա դպրոցներ, թերթեր ու ինտերնետային կայքեր, Եզրաս եպիսկոպոսը հանձնարարականներ է տվել առաջիկայում ստեղծել դրանք: