Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 29-ին մասնակցել է ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մասնավորապես նշել է, որ Երեւանում միջոցառման անցկացումը ԵԽ-ի հետ շարունակական համագործակցության ու գործընկերության համատեքստում է։
Ա. Գեւորգյանի խոսքով, անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը էական զարգացում է ունեցել եւ դարձել մեր երկրի ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։
Նման արտագնա նիստերը նա նաեւ լավ առիթ է համարել Եվրոպայում ռեգիոնների ու տեղական իշխանությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար:
Հանձնաժողովի նիստն անցկացվում է հայկական կողմի հրավերով: Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովն զբաղվում է սոցիալական համախմբվածության, կրթության, մշակույթի եւ կայուն զարգացման խնդիրներով, ինչպես նաեւ սահմանում է տեղական եւ տարածքային իշխանությունների դերը` հանրության առջեւ ծագող հիմնական մարտահրավերների դեպքում:
2010թ. հոկտեմբերին հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը:
Նիստի ընթացում մասնավորապես կքննարկվեն հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը եւ Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները:




























