Չեխիայի հարավ-արեւելքում՝ Հարավային Մորավիայի շրջանում, հինգշաբթի օրը տորնադոյի եւ ուժեղ քամու պատճառով տուժել է շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի փրկարարների եւ հրշեջների միավորված ծառայության ներկայացուցիչ Հեդվիգ Կրոպաչկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հարավային Մորավիայի մարզում մենք գրանցել ենք 150 վիրավոր, այդ թվում՝ երեխաների, մթնոլորտային քամու եւ տորնադոյի ծայրաստիճան ուժեղ բռնկման պատճառով»,- ասել է նա:
Նրա գործընկեր Յարոսլավ Միկոշկան նշել է, որ աղետից ամենաշատը տուժել են Գրուշկի, Լուցիցե, Մորավսկա Նովա Վես եւ Միկուլչիցե գյուղերը:
Փրկարարները հայտնում են, որ հարավային Մորավիայի տարածաշրջանի ընդհանուր առմամբ յոթ բնակավայր է տուժել պտտահողմից: Մարդիկ բնակելի շենքերի փլատակների տակ են, փրկարարական աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ չեխական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ տորնադոն մասամբ ավերել է չորս գյուղ Չեխիայի Բրեցլավ եւ Հոդոնին քաղաքների շրջակայքում:
Մասնավորապես, 1645 բնակիչ ունեցող Գրուշկի գյուղի գյուղապետ Մարեկ Բաբիշի խոսքով, տորնադոն ոչնչացրել է այս բնակավայրի կեսը: «Մնացել են միայն տների պատերը՝ առանց տանիքների եւ պատուհանների: Եկեղեցին նույնպես առանց տանիքի եւ զանգակատան է մնացել: Ավտոմեքենաները տորնադոյի հետեւանքով ընկել են քոթեջներըի վրա: Գյուղի դպրոցը չունի ճակատ եւ տանիք: Հարյուրամյա ծառերն արմատախիլ են եղել»,- ասել է գյուղապետը:
Նմանատիպ պատկեր է նկատվում մոտակա Հոդոնին քաղաքի մոտակայքում գտնվող Լուսիցե գյուղում, որտեղ կան նաեւ վիրավորներ եւ աղետի կողմից ամբողջությամբ ավերված բնակելի տներ: Նշվում է, որ փոթորկի քամին ավտոբուս է շրջել, միջադեպի արդյունքում չորս մարդ է վիրավորվել:
Օդերեւութաբանները հայտնել են, որ Չեխիայի հարավ-արեւելքում գտնվող շրջաններում ուժեղ տորնադոյի համար պայմաններ են եղել, ինչը բացառիկ իրադարձություն է տարածաշրջանում: Դրա հետեւանքների վերացման գործում փրկարարներ, հրշեջներ եւ ոստիկաններ են ներգրավվել: Հանրապետության փրկարարների եւ հրշեջների միասնական ծառայության ներկայացուցիչները ենթադրում են, որ բնական աղետի տարածքներում գտնվող շենքերի փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Վնասի չափը ճշտվում է:




























