2010 թվականին Հայաստանում գրանցվել է ամուսնության 17, 984 դեպք, որից 6669-ը՝ Երեւանում. սա 2009 թվականի համեմատ պակաս է 4,2 տոկոսով։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնից։

Հակառակ սրան՝ ավելացել է գրանցված ամուսնալուծությունների թիվը։  Ըստ այդմ, 2010-ին Հայաստանում գրանցվել է ամուսինների բաժանության 2997 դեպք, ինչը 2009-ի համեմատ ավել է 5,5 տոկոսով։

Հատկանշական է, որ թե՛ ամուսնությունների, եւ թե՛ ամուսնալուծությունների թվով առաջին տեղում Երեւանն է, ուր կենտրոնացած է երկրի բնակչության շուրջ 1/3-ը։ Ամուսնությունների թվով երկրորդ հորիզոնականում 2010-ին հայտնվել է Արմավիրի մարզը, որտեղ անցած տարվա ընթացքում գրանցվել է 1744 ամուսնություն, երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 1677 ամուսնության դեպքով։

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա Երեւանից հետո (1390 դեպք) ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշերը 2010 թվականին գրանցվել են Լոռիում (470 դեպք) եւ Շիրակում (222 դեպք)։