Գյումրիում «հիվանդատիրոջ» կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած հայտնի վաստակաշատ վիրաբույժ, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Աշոտ Գրիգորյանի ողբերգական մահը շոկի մեջ է գցել մարզի բուժաշխատողներին: Տեղի ունեցած սպանությունն այն աստիճան է հուզել բժիշկներին ու բուժաշխատողներին, որ արդեն երկրորդ օրն է նրանց խորհրդակցությունների թեման միայն դա է: Ճիշտ է, նրանք հավաքվում են խորհրդակցելու, սակայն իրականում խորհրդակցությունը վերածվում է բողոքի ու դժգոհության ալիքի` ուղղված հասարակությանը, իշխանություններին ու լրատվամիջոցներին:
«Աշոտ Գրիգորյանը մահացավ հասարակության անտարբերության պատճառով, նա զոհ դարձավ այս հասարակությանը, նրա մահվան մեջ հասարակությունն է մեղավոր»,- բողոքել են գյումրեցի բժիշկները: Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը փորձել է միջամտել` ասելով, որ ոչ ոք մեղավոր չէ. «Ո՞ւմ դեմ է ձեր բողոքը, որ հավաքվում եք, ո՞վ է մեղավոր, ձեր ակցիան ո՞ւմ է ուղղված`հանրապետության վարչապետին, նախագահին: Հասարակությունն ինչո՞վ է մեղավոր: Նրանք հո այդտեղ չեն եղել, բուժքույրն է եղել, վարորդը: Մարդիկ չգիտեն ինչպես արձագանքել: Բոլորը հո նույն կերպ չեն մտածում: Այդ մեկը, որ այդպես է վարվել, սրիկա է»,-մարզի բուժաշխատողներին փորձել է հանգստացնել առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
Սակայն իրականում բժիշկներն ավելի են բորբոքվել: «Ասում եք ոչ ոք մեղավոր չէ՞: Լրատվամիջոցներով բժիշկներին սպիտակ խալաթավոր ղասաբ են կոչում ու դա ասում է հանրայինի մեկնաբանը: Մեզ արժեզրկում են: Ռեյտինգ ապահովելու համար իրենց սրտի ուզածն ասում են ու հետո հասաարկությունը բժշկի, ուսուցչի մեջ սկսում է իսկական թշնամու տեսնել»,-ելույթ է ունեցել Գյումրիի վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը:
Իսկ բժիշկ Նինա Արիստակեսյանն այնպիսի ելույթ է ունեցել, որ բուժաշխատողներն անգամ հուզվել են: «Դուք ինձ մեղադրում եք, որ ես էմոցիոնալ եմ: Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մարդ է մահացել, նա ոսկի ձեռքեր ուներ, իսկ գիտե՞ք որտեղ է ապրել` հանրակացարանում: Իսկ գիտե՞ք ով է հուղարկավորել, այո գիտեք, Դուք էլ եք մասնակցել այդ հանգանակությանը»,-ասել է Նինա Արիստակեսյանը`շարունակելով, որ հասարակությունն ու իշխանություններն են մեղավոր, որ չմտածեցին անգամ իր մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարած մարդուն արժանապատիվ հուղարկավորելու մասին:
«Բժշկին սպիտակ սատանա են սարքել, կաշառք հա կաշառք, իսկ ինչո՞ւ է էդ պետությունը բուժօգնությունը վճարովի սարքել: Այդ մասին թող խոսեն, ինչո՞ւ չեն խոսում»,-բողոքել են բուժաշխատողները:
Այս թեժ հավաքույթը տեւել է մոտ երկու ժամ: Բժիշկները խոստացել են պայքարել, որպեսզի հասարկությունն ու իշխանությունները գնահատեն բժշկին ըստ արժանվույն ու չփորձեն անհարկի վիրավորել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 26-ի երեկոյան շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանել է «հիվանդատեր» 28-ամյա Արտակ Կարապետյանը: Արտակի հայրը վատ է զգացել, որի համար շտապ բուժօգնություն են կանչել: Շտապօգնության բրիգադը մի քանի րոպե ուշացել է, ինչն էլ զայրացրել է ոչ սթափ վիճակում գտնվող Արտակին: Վերջինս սկզբում տանը ծեծի է ենթարկել բժշկին, պատճառաբանելով, թե ինչու ես ուշացել: Իսկ երբ բժիշկը օգնություն է ցուցաբերել հիվանդին` նրան դեղ ներարկելով եւ իջել բակ, Արտակն այս անգամ բակում է ծեծի ենթարկել բժշկին: Բժիշկը հենց մուտքի մոտ էլ մահացել է:
Ծեծին ներկա են եղել բուժքույր Լամարա Հարությունյանը եւ շտապօգնության վարորդը:




























