Վարդավառն այս տարի նշվելու է հուլիսի 31-ին: Facebook սոցիալական ցանցում մի խումբ երիտասարդներ այդ օրը ժամը 11.00-ին բոլորին հրավիրում են Կարապի լճի շրջակայք` այնտեղ «համազգային ջրհեղեղ»  կազմակերպելու նպատակով: «Ուզում եմ համախմբել երեւանցիներին մի տեղում, որ միասին նշենք Վարդավառը: Յուրաքանչյուր բակ նշում է առանձին, իսկ եթե բոլորը հավաքվեն մի վայրում, այ դա արդեն իսկական հաճույք կլինի, իսկական տոն»,- ասաց կազմակերպիչներից մեկը:

Նշենք, որ Քրիստոսի Պայծառակերպությունը  կամ Վարդավառը  Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության` տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Ի դեպ, վերջերս Ուկրաինայում երիտասարդները  ֆլեշ մոբ էին կազմակերպել` միմյանց վրա ջուր ցողելու նպատակով: Սակայն Ֆլեշ մոբի մասնակիցների թիվը սպասվածից մեծ է եղել եւ իսկական ջրային հեղեղ է առաջացել Խարկովի կենտրոնական փողոցներում: Նախ երիտասարդները բաժանվել են 2  խմբի` աղջիկների եւ տղաների ու սկսել են ջրել միմյանց, ապա անցել են քաղաքային տրանսպորտին, տոնախմբությունը շարունակվել է մինչեւ ոստիկանության ժամանումը:  Հուսանք` մեզ մոտ «համազգային ջրհեղեղը» կանցնի առանց ոստիկանության: