Սուրբ Աթոռը ստուգում է Կրակովի նախկին արքեպիսկոպոս, կարդինալ Ստանիսլավ Ձիվիշի մասին տեղեկատվությունը, որի նկատմամբ Լեհաստանում մեղադրանք է հարուցվել հոգեւորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը թաքցնելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես շաբաթ Վարշավայում հայտարարել է առաքելական նվիրապետությունը (Վատիկանի դեսպանություն), Գենուայի նախկին արքեպիսկոպոս, կարդինալ Անջելո Բանյասկոն ավարտել է Լեհաստան իր այցը, որը նա իրականացրել է Սուրբ Աթոռի կարգադրությամբ հունիսի 17-26-ը: Այցի նպատակը որոշ դեպքերի հանգամանքների ստուգումն էր, որոնք տեղի են ունեցել 2005-2016 թվականներին, երբ Ձիվիշը եղել է Կրակովի արքեպիսկոպոսը:  

Բանյասկոն, որը ներկայումս նախագահում է Եպիսկոպոսների համաժողովների Եվրոպական խորհուրդը, «ուսումնասիրել է փաստաթղթերը, մի շարք հանդիպումներ անցկացրել եւ զեկույց է ներկայացնելու Սուրբ Աթոռ իր այցի վերաբերյալ», - նշվում է նվիրապետության փաստաթղթում:

Սկանդալային մեղադրանքները Ձիվիշի հասցեին, որը շուրջ 30 տարի հետագայում կանոնականացված Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի պապի անձնական քարտուղարն է եղել, լեհական TVN24 հեռուստաալիքի լրագրողները առաջ քաշեցին 2020 թվականի նոյեմբերին: «Դոն Ստանիսլավ. կարդինալ Ձիվիշի մյուս դեմքը» հետաքննական ֆիլմում. նրանք հրապարակել են տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ ազդեցիկ եկեղեցական հիերարխիան թաքցրել է մանկապիղծ քահանաներին, ընդ որում՝ խոշոր վարձատրության դիմաց: Ձիվիշն ինքը կտրականապես հերքել է այս մեղադրանքները:

Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սրտում անչափահասների նկատմամբ սեռական բռնության խնդիրը դարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուրջ մտահոգության առարկան: 2016 թվականի հունիսին նա պարզեցրել է եպիսկոպոսների պաշտոնանկության կարգը՝ մանկապղծության դեպքերն անտեսելու համար: 2018 թվականի օգոստոսին Պապը հրապարակել է հատուկ «Ուղերձ Աստծո ժողովրդին», որով նա հոգեւորականներին կոչ է արել ապաշխարել եւ արմատախիլ անել այդ ամոթալի երեւույթը եկեղեցու կյանքից, որը նա անվանել էր «վայրագություն»: 2019 թվականի մարտին Հռոմի Ֆրանցիսկոս պապը ստորագրել է մանկապղծությանը հակազդելու երեք հիմնարար իրավական փաստաթուղթ՝ Motu Proprio-ի տեսքով Առաքելական նամակ, Վատիկանի քաղաք-պետության նոր օրենք եւ Վատիկանի փոխանորդության ուղեցույցներ: