Միջազգային իրադրությունն այսօր բավականին դինամիկ է եւ խիստ անկանխատեսելի: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ բացելով Ռուսաստանի եւ ԱՍԵԱՆ անդամ պետությունների անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունները, հայտնել է RG-ն:
«Միջազգային հարաբերություններում հստակորեն նշմարվում է ուժային գործոնի աճ: Այլ կերպ ասած՝ միջնադարյան սկզբունքը վերադառնում է՝ ճիշտ է նա, ով ավելի ուժեղ է», - հայտարարել է Պատրուշեւը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ աշխարհի վրա:
«Մենք ականատես եղանք, թե ինչպես մի քանի ամիսների ընթացքում պետությունները փակեցին իրենց սահմանները, շրջվեցին միմյանցից եւ ստեղծեցին առեւտրային ու սանիտարական խոչընդոտներ: Մենք տեսանք ազգայնականության, շովինիզմի, աշխարհիկ եւ կրոնական ծայրահեղականության տարբեր ձեւերի աճ», - ԱՍԵԱՆ-ի գործընկերներին հիշեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նա նաեւ նշել է, որ ռազմական եւ քաղաքական լարվածությունն աճել է, եւ համաշխարհային հանրությունը դարձել է ավելի մասնատված: Միեւնույն ժամանակ, աճել են պրոտեկցիոնիզմը եւ ազդեցության ոլորտների համար պայքարը:
«Մեր գնահատականներով՝ 2020 թվականին համաշխարհային տնտեսական անկումը չի հաջողվի արագ հաղթահարել: Տնտեսությունները փրկելու համար օգտագործվող մեթոդները հաճախ լուծում են որոշ խնդիրներ եւ ստեղծում նորերը: Զարգացած եւ զարգացող երկրների միջեւ տեխնոլոգիական ճեղքը խորանում է՝ հետամնաց երկրները զարգացումից դուրս թողնելու ռիսկառաջացնելով», - ընդգծել է Պատրուշեւը:
Այս կապակցությամբ նա իր գործընկերներին հայտնել է, որ ըստ իրեն՝ նոր ձեւաչափը միավորող է եւ ուղղված է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
«Համոզված եմ, որ ցանկացած հակասություն եւ տարաձայնություն պետք է մնա դրա փակագծերից դուրս», - ամփոփել է ՌԴ ԱԽ քարտուղարը:
Խորհրդակցություններն ընթանում են կրկնակի տարեդարձի` Ռուսաստան-ԱՍԵԱՆ հարաբերությունների 30-ամյակի եւ նրանց միջեւ երկխոսության լայնամասշտաբ գործընկերության 25-ամյակի տարում: 1996 թվականից ի վեր Ռուսաստանը հանդիսանում է ԱՍԵԱՆ-ի երկխոսության գործընկեր, իսկ 2018 թվականից այդ երկխոսությունը հասցվել է ռազմավարական մակարդակի:
Ըստ Պատրուշեւի՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը հայեցակարգի քննարկման ժամանակ մտահոգություններ են եղել, որ խորհրդակցությունները կարող են կրկնօրինակել արդեն գոյություն ունեցող երկխոսության ձեւաչափերի աշխատանքը, ինչպիսին է ԱՍԵԱՆ-ի Անվտանգության տարածաշրջանային ֆորումը:
Սակայն, ինչպես նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը, երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների փորձը եւ մասնագիտական կարողությունների մակարդակը թույլ կտան այլ տեսանկյունից նայել տարածաշրջանի խնդիրներին եւ լրացնել փոխգործակցության գործող մեխանիզմները՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով:
«Մենք բոլորս ունենք պետական իշխանության տարբեր կառուցվածք, սակայն մեր բոլոր երկրներում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների լիազորությունները թույլ են տալիս ոչ միայն վերահսկել աշխատանքը այլ ձեւաչափերով, այլեւ համակարգել գերատեսչությունների ջանքերը` լուծելու մեր երկրների ղեկավարությունների կողմից առաջադրված խնդիրները», - ասել է Պատրուշեւը:
Հունիսի 28-ին՝ առաջին հանդիպման ժամանակ, անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչները մանրամասն քննարկելու են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Հետգայում նախատեսվում է, որ խորհրդատվությունների թեմաները կընդլայնվեն, այդ թվում` հայեցակարգով հաստատված հարցերի միջոցով՝ ներառելով ռազմավարական կայունությունն ու սպառազինությունների վերահսկման եւ չտարածման մեխանիզմները: Նիկոլայ Պատրուշեւը համոզված է, որ օգտակար կլինի քննարկել նաեւ Ռուսաստանի եւ ԱՍԵԱՆ-ի մասնագիտացված կառույցների եւ հատուկ ծառայությունների միջեւ փոխգործակցության համակարգումը:





























