Խոշոր հրդեհ է բռնկվել Լոնդոնի հարավում գտնվող Elephant and Castle երկաթուղային կայարանի մոտ, հայտնել է The National-ը:

Լոնդոնի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում պայթյունի հետեւանքով ծխի քուլաներ են առաջացել կայարանի եւ բազմաբնակարան շենքերի հարեւանությամբ:

Լոնդոնի հրշեջ ծառայությունը հորդորել է մարդկանց խուսափել այդ շրջան գնալուց, մինչ նրանք պայքարում են կրակի դեմ: Հրշեջները հայտնել են, որ այրվում են առեւտրային երեք տարածքներ, չորս ավտոմեքենաներ եւ հեռախոսային խցիկ:

«Elephant and Castle երկաթուղային կայարանի մոտ բռնկված հրդեհի մարմանը մասնակցում են տասը հրշեջ մեքենա եւ մոտ 70 հրշեջ-փրկարարներ: Խնդրում ենք խուսափել այս շրջան գնալուց եւ փակել բոլոր դռներն ու պատուհանները», - գրել է բրիգադը Twitter-ում:

Network Rail-ում հայտնել են, որ գնացքները կանգ չեն առնելու կայարանում: «Արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղում են, եւ մենք սպասում ենք նրանց կողմից հաստատման, որ շրջանը անվտանգ է գնացքների երթեւեկության համար»: