Ճապոնացի «սեւ այրին» տանուլ է տվել մահվան դատավճռի բողոքարկումը, հայտնել է AFP-ն:
74-ամյա Չիսակո Կակեհին մահապատժի է դատապարտվել 2017 թվականին` երեք տղամարդու սպանության համար, այդ թվում` սեփական ամուսնու սպանության եւ եւս մեկ մարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Երկու տարի առաջ բարձր դատարանը մերժել է «սեւ այրու» բողոքարկումը, որը յուրացրել է միլիոնավոր ապահովագրական վճարներ եւ իր զոհերի ժառանգությունը, ինչի կապակցությամբ տեղական ԶԼՄ-ները նրան համեմատել են սարդի հետ, որը զույգավորվելուց հետո սպանում է իր կեսին:
Գերագույն դատարանի նախագահ Յուկո Միյաձակին հայտարարել է, որ «մահվան դատավճիռն անխուսափելի է», քանի որ «Կակեհիի քրեական պատասխանատվությունը ծայրաստիճան ծանր է»: «Նա ցիանիդ է օգտագործել տղամարդկանց դեմ այն բանից հետո, երբ նրանք նրան վստահել են որպես կյանքի ընկեր: Սա հաշվարկված դաժան հանցագործություն է», - ասել է Միյաձակին:
Հաղորդվում է, որ Կակեհին 10 տարվա ընթացքում մեկ միլիարդ իենի (9 միլիոն դոլար) վճարումներ է ստացել, սակայն հետագայում կորցրել է իր կարողության մեծ մասը անհաջող ֆինանսական առեւտրի պատճառով:
Նա հարաբերություններ է ունեցել հիմնականում տարեցների կամ հիվանդ տղամարդկանց հետ. ոմանց հանդիպել է ժամադրությունների գործակալությունների միջոցով, որոնց հետ պայմանավորվածություն է ունեցել, որ պոտենցիալ զուգընկերները պետք է լինեն հարուստ եւ անզավակ:
Ցիանիդ է հայտնաբերվել առնվազն երկու տղամարդու օրգանիզմում, որոնց հետ նա կապ է ունեցել:



























