Աֆղանստանում թալիբներին տարածքների արագ հանձնումը, որոնցից մի քանիսը ռազմավարական նշանակություն ունեն, մտահոգիչ է: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելության ղեկավար, ամերիկացի գեներալ Օսթին Ս. Միլլերը, հայտնում է AP-ն:

Նա նաեւ նախազգուշացրել է, որ զինված խմբավորումները, որոնք տեղակայված են ազգային անվտանգության ուժերին օգնելու համար, կարող են երկիրը տանել քաղաքացիական պատերազմի: Նրա խոսքով՝ այս պահին ինքը զենք ու հնարավորություններ ունի՝ օգնելու Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերին: Բայց միայն քաղաքական լուծումը խաղաղություն կբերի պատերազմից տուժած երկրին:

ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կավարտվի մինչ հուլիսի 4-ը: Բայց Միլլերը հրաժարվել է նշել որեւէ ամսաթիվ կամ ժամկետ, վկայակոչելով միայն ապրիլի 11-ին նախագահ Ջո Բայդենի հայտարարած սեպտեմբերի 11-ը:

Միաժամանակ թալիբները արագորեն գրավել են տարածքներ, որոնցից շատերը գտնվում են երկրի հյուսիսում, որտեղ գերակշռում են Աֆղանստանի փոքրամասնությունները: Հյուսիսը նույնպես ավանդական հենակետ է շատ նախկին մոջահեդների առաջնորդների համար: Մի քանի տարածքներ տեղակայված էին առանցքային ճանապարհների վրա, իսկ մեկը՝ հյուսիսային Տաջիկստանի սահմանին: «Թալիբանը» հանդես է եկել հայտարարությամբ, որոնցում ասվում է, որ Աֆղանստանի անվտանգության հարյուրավոր ուժեր հանձնվել են, նրանց մեծ մասն ուղեւորվում է տուն:

Միլլերն ասել է, որ տարածքների հանձնման մի քանի պատճառ կա, այդ թվում՝ զորքերի հոգնածությունն ու կապիտուլյացիան, հոգեբանական պարտությունը եւ ռազմական կորուստները: Նրա խոսքով՝ բռնության աճը հղի է մահացու քաղաքացիական պատերազմով:

«Ե՞րբ սկսենք խոսել այն մասին, թե ինչով սա կավարտվի: Այն, թե ինչպես սա պետք է ավարտվի աֆղան ժողովրդի համար, դա այն է, ինչ պտտվում է քաղաքական լուծման շուրջ»,- ասել է Միլլերը: «Ես նաեւ ասացի, որ եթե չնվազեցնեք բռնությունը, այս քաղաքական որոշումը ավելի ու ավելի կբարդանա»: