Ադրբեջանի դիրքորոշումը արդեն սովորական է դարձել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, եւ պատահական չէ, որ մերթընդմերթ այն հարուցում է եւ զայրույթ, եւ զարմանք: Այդ մասին «Հայլուր հարցազրույց» ծրագրին ասել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Ըստ Բաղդասարյանի՝ նման գործելակերպը թերեւս պայմանավորված է այն մտայնությամբ, որ Ադրբեջանը փորձում է առավելագույնս դիվիդենտներ քաղել յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից` չհասկանալով այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության կողմից հստակ հռչակվել եւ սահմանվել են այն սկզբունքները, որոնց առկայության պայմաններում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը: «Ի՞նչ պետք է անի Հայաստանը: Հայաստանը պետք է շարունակի իր հանդարտ, հավասարակշռված կեցվածքը եւ իր սկզբունքները հիմնախնդրի կարգավորման համար, որ արդեն իսկ դարձել են միջազգային հանրության սեփականությունը, որովհետեւ դրանք հնչում են ոչ միայն Եվրոպական Միության, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` երեք խոշորագույն գերտերությունների ղեկավարների շուրթերից: Մենք պետք է կարողանանք այս գիծը շարունակել, բանակցային գործընթացը շարունակել, մեր դիրքորոշումները ամրապնդել, եւ կարողանալ հասնել մեզ համար ընդունելի լուծման»,- նշել է նա:
Հարցին, թե ինչու մինչեւ այսօր միջազգային հանրությունը եւ մասնավորապես Մինսկի խմբի եռանախագահությունը արժանի գնահատական չի տալիս այդ պահվածքին, նա պատասխանել է. «Որոշ գնահատականներ արդեն հնչել են, բայց ես ուզում եմ նշել, որ առավել կոշտ գնահատականները հրապարակային դաշտում թերեւս չեն հնչում այն պարզ պատճառով, որ գուցե նման հայտարարությունների հնչեցման ժամը չէ դեռ, որովհետեւ բանակցությունների ռեսուրսը ամենեւին սպառված չէ, եւ նման կոշտ հայտարարությունների առկայությունը միջնորդական առաքելության կողմից կարող է վտանգել կամ ստվերել այս գործընթացը, չնայած որ բազմիցս, թե Մինսկի խմբի համանախագահները, թե երեք երկրների նախագահները հնչեցրել են իրենց հրապարակային դիրքորոշումները իրենց հայտարարությունների մեջ»:
Ըստ Բաղդասարյանի, արդեն ակնհայտ է դառնում, որ միջազգային հանրության համար Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները ընկալելի են, այսինքն ենթատեքստում արդեն պարզ է, որովհետեւ որպես կանոն այդ երեք երկրների ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հայտարարություններից հետո Ադրբեջանը նույն դիրքորոշումները չի ցուցաբերում, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը, եւ այստեղ արդեն իսկ տեսանելի է այդ դիրքորոշումների տարբերությունը: «Մեր մոտեցումը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, Լեռնային Ղարաբաղը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղը եւ նրա կարգավիճակի խնդիրը գերակա հարցադրում է, այսինքն Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա դե-յուրե ճանաչված պետություն կամ վերամիավորվի Հայաստանի Հանրապետության հետ, եւ դա պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգայնորեն ընդունված ազգային ինքնորոշման սկզբունքի շրջանակներում` համապատասխան հանրաքվեի իրականացման միջոցով: Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ուղիղ ցամաքային կապի առկայություն, այսինքն անկլավների բացառում: Երրորդը` խնդրի կարգավորման պարագայում, միջազգային անվտանգության երաշխիքների ապահովում»,- ամփոփել է Բաղդասարյանը:




























