Նոր Զելանդիան մերժել է Կանադայի նախաձեռնությամբ ստեղծվող Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկին (DSRB) միանալու առաջարկը, որի նպատակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմականացման ֆինանսավորումն է։ Այս մասին, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել է RNZ ռադիոկայանը։

«Առկա տվյալները ցույց են տալիս, որ պաշտպանական ոլորտին շատ ավելի մեծ օգուտ կբերեն շուկայական հնարավորություններն ընդլայնող քայլերը, քան հատուկ ռազմական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը», — նախարարության հայտարարությունից մեջբերում է անում ռադիոկայանը։

Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ բանկին միանալու համար առաջնային վճարը կկազմեր շուրջ 56 միլիոն դոլար, իսկ հետագա ծախսերը կարող էին էլ ավելի աճել։ Նշվում է, որ իրենց այս որոշման մասին Նոր Զելանդիան Կանադային տեղեկացրել է դեռ օգոստոսի վերջին։ Հարկ է նշել, որ Նոր Զելանդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ DSRB-ի հիմնադրմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Ալբանիան, Բելգիան, Հունաստանը, Կանադան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան։ Ֆինանսական այս կոնսորցիումի կենտրոնակայանը տեղակայվելու է Մոնրեալում, իսկ դրա հիմնական նպատակն է ռազմական ծրագրերի ֆինանսավորման համար ներգրավել մինչև 134 միլիարդ դոլար։