Համաշխարհային պատերազմ չէր լինի, նույնիսկ եթե Ռուսաստանը խորտակեր բրիտանական կործանիչը Ղրիմի ափերի մոտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա «ուղիղ գծի» ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դուք ասացիք, որ աշխարհը գտնվում է համաշխարհային պատերազմի շեմին: Ոչ, իհարկե՝ ոչ: Նույնիսկ եթե մենք խորտակենք այս նավը, միեւնույն է, դժվար կլինի պատկերացնել, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին կլինի, քանի որ նրանք, ովքեր դա անում են, գիտեն, որ չեն կարող հաղթող դուրս գալ այդ պատերազմից»,- ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ ռուսական կողմը դժվար թե ուրախանար նոր պատերազմի բռնկմամբ: «Բայց գոնե մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարում: Մեր տարածքում մենք պայքարում ենք հանուն մեզ, մեր ապագայի համար»,- ասել է նա:
Խոսելով բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպի քաղաքական բաղադրիչի մասին՝ Պուտինը նշել է, որ մի քանի օր առաջ ինքը Ժնեւում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
«Հարցն այն է, թե ինչու՞ էր անհրաժեշտ նման սադրանքը: Ինչի՞ համար է արվել այս ամենը: Հանուն այն բանի, որ ընդգծեն, թե չեն հարգում Ղրիմի ընտրությունը Ռուսաստանի Դաշնություն մտնելու հարցում, որ նրանք այնտեղ ինչ-որ բան չեն ճանաչո՞ւմ: Ընդունեք դա այլեւս: Ինչո՞ւ նման սադրանքներ իրականացնել»,- ասել է պետության ղեկավարը:
Պուտինը նշել է, որ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորավարժությունների դադարեցմանը, արեւմտյան երկրները «կպել են» Ռուսաստանի սահմաններին: «Այդ մենք չենք հազարավոր կիլոմետրեր եկել նրանց մոտ, թռել եւ ջրով եկել: Նրանք են մոտեցել մեր սահմաններին եւ խախտել են մեր տարածքային ծովը, եւ սա էական տարր է այս ամբողջ կառույցում»,- ընդգծել է նա:
«Տեսեք՝ նրանք մեծ աղմուկ բարձրացրեցին այն փաստի կապակցությամբ, որ մենք մեր տարածքում զորավարժություններ էինք անցկացնում ուկրաինական սահմանների մոտակայքում: Ես հանձնարարականներ տվեցի պաշտպանության նախարարությանը՝ եթե ինչ-որ մեկն այդքան անհանգստացած է, հանգիստ ավարտի եւ զորքերը դուրս բերի»,- ասել է Պուտինը: «Մենք արեցինք դա՝ փոխանակ դրան դրական արձագանքելու եւ ասելու. «Լավ, մենք հասկացանք ձեր արձագանքը մեր վրդովմունքին», փոխարենը՝ ի՞նչ արեցին նրանք: «Նրանք մեր սահմաններին մոտ են»,- վրդովմունք է հայտնել նախագահը:
Նախագահը նշել է, որ բրիտանական Defender կործանիչի հետ կապված իրավիճակը բարդ սադրանք էր:
«Սա, իհարկե, սադրանք է, դա ակնհայտ է: Ի՞նչ էին ուզում ցույց տալ, եւ ի՞նչ նպատակներ էին փորձում իրականացնել այս սադրիչները: Նախ, դա [սադրանքը] բարդ էր եւ իրականացվում էր ոչ միայն բրիտանացիների, այլեւ ամերիկացիների կողմից, քանի որ «բրիտանացին» մեր տարածքային ջրերը մտավ ցերեկը, իսկ վաղ առավոտյան, ժամը 07: 30-ից, Հունաստանում ՆԱՏՕ-ի ռազմական օդանավակայաններից մեկից` Կրետեից, իմ կարծիքով, օդ բարձրացավ ամերիկյան ռազմավարական հետախուզական ինքնաթիռ: Այս մասին ինձ տեղեկացրին: Մենք նրան լավ տեսանք եւ դիտեցինք»,- ասել է նախագահը:
Բրիտանական կործանիչի մուտքը Սեւ ծովում Ռուսաստանի տարածքային ջրեր հետախուզական նպատակներ էին հետապնդում, հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
«Ակնհայտ էր, որ կործանիչը ռազմական նպատակներ էր հետապնդում՝ հետախուզական ինքնաթիռի միջոցով փորձելով բացահայտել մեր զինված ուժերի գործողությունները՝ այդպիսի սադրանքները ճնշելու համար։ Մենք դա տեսանք եւ գիտեինք, ուստի տվեցինք այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ համարեցինք»,- ասել է Պուտինը:
«Միգուցե, ես շատ բան ասացի, զինվորականները կներեն ինձ»,- հավելել է նախագահը:
Պուտինը նշել է, որ բրիտանական կործանիչը ցերեկն է մտել Ռուսաստանի տարածքային ջրեր, իսկ վաղ առավոտյան, ժամը 07:30-ին, Հունաստանում ՆԱՏՕ-ի ռազմական օդանավակայաններից մեկից՝ Կրետեից թռել է ամերիկյան ռազմավարական հետախուզական ինքնաթիռը:





























