Կրկին Երեւանում հանրահավաք է եւ կրկին Երեւան եկող միկրոավտոբուսները չեն աշխատում:
Այսօր` հունիսի 30-ի առավոտից Գյումրիի ավտոկայարանում մարդկային կուտակումներ են: Գյումրեցիները սպասում են Երեւան տեղափոխող միկրոավտոբուսներին, որոնք ուշանում են:
«Արդեն մեկ ժամ սպասում եմ աղջիկ ջան, Երեւան եմ գնում, բժշկի, «Գազել» չկա, ասում են, բոլորը Երեւանում են սպասեք կգան: Այդ ինչպես ստացվեց, որ միանգամից բոլորը հավաքվեցին Երեւանում: Տաքսիներն էլ են քիչ եւ Երեւան հասցնելու համար ամեն անձից 5000 դրամ են պահանջում: Փորձում են այս իրավիճակում բիզնես անել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել 65- ամյա Ջուլիետա Հակոբյանը:
Իսկ Սարգիս Քոչարյանը, ով իր երեխաներին այսօր որոշել է տանել Երեւան`գազանանոց, զայրացած նշել է. «Երեխաների հետ այսքան ժամանակ է կանգնած սպասում ենք: Ինչ «Գազել» ասես կա, բայց ասում են, թե դրանք Երեւան գնացող «Գազելներ» չեն: Իրենց թվում է, թե ուշքներս գնացել է, պիտի հանրահավաքի՞ գնանք: Էլ ոչ մի հանրահավաք. մենք համոզվեցինք Լեւոնն էլ Սերժի ախպերն է»:
Նշենք, որ Գյումրիի ավտոկայարանից փոխանցել են, որ միկրոավտոբուսներն այսօր քիչ են, որ Երեւանից դուրս են եկել եւ Գյումրի հասնելուն պես, կշարժվեն հակառակ ուղղությամբ:




























