ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բեւեռլի Հիլզ քաղաքում վաճառքի է հանվել տունը, որում դերասան Ալ Պաչինոն ապրել է վերջին 15 տարիներին: Առաջարկի արժեքը 16 միլիոն դոլար է: Նոր գնորդը, ամենայն հավանականությամբ, կքանդի առանձնատունը, գրել է Լենտա.ռու-ն՝ հղում անելով New York Post-ին:

Նախկինում տունը պատկանել է գրող Ջեքի Քոլինզին, իսկ 2016 թվականին այն վաճառել է դեվելոփեր Բեն Նեհմադիին 9 միլիոն դոլարով: Ալ Պաչինոն առանձնատունը վարձակալում է 2006 թվականից: Հայտնի է, որ տունն ունի վեց ննջասենյակ եւ հինգ լոգարան: Նեհմադին Քոլինզից 21 միլիոն դոլարով ձեռք է բերել նաեւ հարեւան տունը: Գրողն ինքն է ապրել այնտեղ մինչ մահը՝ 2015 թվականը:

Դերասանի եւ դեվելոփերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տան վաճառքի մասին տեղեկությունները: Hilton and Hyland անշարժ գույքի գործակալության կողմից կազմված գույքի նկարագրության մեջ քիչ լուսանկարներ կան: «Վարձակալն ապրում է տանը, նա անձնական կյանքի գաղտնիություն է պահանջում», - պարզաբանել է ընկերության աշխատակիցներից մեկը: «Գնորդը, ամենայն հավանականությամբ, կնախընտրի քանդել քոթեջը եւ դրա փոխարեն նորը կառուցել»:

Ռիելթորը նշել է, որ 1920 թվականին կառուցված տունը հնացել է: Բացի այդ, տարածքում կարող է կառուցվել մինչեւ 1,4 հազար քառակուսի մետր մակերեսով առանձնատուն, մինչդեռ գոյություն ունեցողի տարածքը 483 «քառակուսի» է: Անցյալ ամառ արդեն ցանկանում էին վաճառել տունը 17 միլիոն դոլարով, սակայն այն ժամանակ ցանկացողներ չգտնվեցին:

Ալ Պաչինոն առավել հայտնի է «Կնքահայրը» եւ «Սպիով դեմքը» ֆիլմերով: Ֆրենկ Սլեյդի դերը «Կնոջ բույր»-ը ֆիլմում դերասանին «Օսկար» է բերել: Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել, բայց ունի երեք երեխա: