Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում անդրադարձել է օրերս «168 ժամ» թերթին տված իր հարցազրույցի այն հատվածին, որտեղ կան հետեւյալ տողերը. «Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն»:
Այս արտահայտությունը բուռն արձագանքի էր արժանացել հասարակության շրջանում եւ ինչպես Տ. Սարգսյանն է գրում իր բլոգում, «իմ որոշ ընդդիմախոսներ եւ լրատվության միջոցներ ինձ արդեն մեղադրում են իշխանություն պահելու համար Հայաստանը դատարկելու մեջ»:
Այնուհետեւ վարչապետը ներկայացնում է հարցազրույցի այդ հատվածը եւ անգամ ձայնագրությունը:
Պարոն Սարգսյան, կրիտիկական զանգված միգուցե այս առումով չկա, որ շատ դժգոհ են, բայց էդ կրտիկական մասսան ավելի շատ արտագաղթում է, քան թե դուրս է գալիս ինչ-որ բան պահանջելու: Հրապարակ դուրս չենք գալիս, մենք փախչում ենք մեր պրոբլեմներից, որովհետեւ մտածում ենք, որ այստեղ չենք կարող լուծել:
Եվ, հարցն ինչու՞մն է
Եվ վիճակն իսկապես…
Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն (կատակով ծիծաղում են): Բայց ինչպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանի Հանրապետությունում: Պետք է մենք այնպես անենք, որ կյանքը Հայաստանում լինի ավելի լավ, քան արտերկրում, եթե դու սկսում ես Հայաստանում կյանքը բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է , ավելանում է զանգվածը, որ աջակցում է իշխանություններին, եւ դա իշխանությունների հաջողությունն է: Իսկ եթե իշխանությունները ունենում են անհաջողություն, ժողովուրդը ավելի հակված է իր ձայները տալ ընդդիմությանը: Ոչ մի իշխանություն, հավատացեք ինձ, այդպիսի ցանկություն չունի, այնպես աշխատել, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:




























