Իսրայելի նորանշանակ վարչապետ Նաֆթալի Բենեթը նախատեսում է հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել:

Իսրայելի «12-րդ ալիքը» հայտնում է, որ ԱՄԷ կատարած այցի ընթացքում արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդին ուղեկցող պատվիրակությունը հայտարարել է, որ էմիրաթցիները շահագրգռված են Իսրայելի հետ համագործակցությունը «որքան հնարավոր է շուտ» ամրապնդելու հարցում՝ հավելելով, որ Էմիրությունների պաշտոնյաները «շատ հիասթափված են» երկու երկրների հարաբերությունները կարգավորող «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումից հետո տասը ամիսների ընթացքում երկկողմ հարաբերություններում գործնական առաջընթացի բացակայությունից:

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում էր մարտին այցելել ԱՄԷ, սակայն ուղեւորությունը չեղյալ էր հայտարարվել Հորդանանի հետ վեճի պատճառով՝ վերջինիս օդային տարածքի օգտագործման առնչությամբ:

Լապիդն այս շաբաթ Աբու Դաբիում բացել է Իսրայելի դեսպանատունը եւ Դուբայում՝ հյուպատոսությունը: