Իրավապաշտպան չորս կազմակերպություններ կոչ են արել դադարեցնել բելգիական ռազմական տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա եւ սպառնացել են դատական հայց ներկայացնել տարածաշրջանային կառավարությունների դեմ, եթե փոփոխություններ չկատարվեն, հաղորդում է Brussels Times-ը:
Ֆլանդրիայի, Վալոնիայի եւ Բրյուսելի կառավարություններին ուղղված նամակում ՀԿ-ները պնդում են, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը բելգիական տեխնոլոգիաներ են օգտագործում Լիբիայում զենքի էմբարգոն խախտելու համար: «Մեր կառավարությունները գործում են զենքի առեւտրի մասին օրենքների խախտմամբ` զենք մատակարարելով մի երկրի, որը խախտում է զենքի միջազգային էմբարգոն: Եթե երեք շրջանները չցանկանան պահպանել իրենց սեփական կանոնները, ապա մեզ այլ բան չի մնում, քան դիմել դատարան», - հայտարարել են կազմակերպությունները:
Ըստ ՀԿ-ների՝ բելգիական Asco Industries, Sabca, Sonaca եւ Safran Aero Boosters զենք արտադրող ընկերությունները 2013 թվականից Թուրքիային մատակարարում են A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռների բաղադրիչները: «Այդ բաղադրամասերն օգտագործվում են Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունները թեժացնելու համար: Այն փաստը, որ բելգիական զենքի տեխնոլոգիան օգտագործվում է այս գործընթացում, ոչ միայն անբարոյական է, այլ նաեւ անօրինական», - պնդում են կազմակերպությունները:
Նրանք մատնանշել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցը, որը ցույց է տալիս, որ թուրքական A400M ինքնաթիռների 34 թռիչքներ դեպի Լիբիա խախտել են ՄԱԿ-ի՝ զենքի էմբարգոն:
Հասարակական կազմակերպությունները տարածաշրջանային կառավարությանը կոչ են արել դադարեցնել A400M-ի բաղադրամասերի արտահանումը եւ բոլոր ընթացիկ եւ ապագա լիցենզիաներից բացառել Թուրքիային որպես վերջնական օգտագործող: «Եթե համարժեք միջոցառումներ չձեռնարկվեն, կազմակերպությունները կարող են ստիպված լինել դատական միջոցներ ձեռնարկել՝ կանխելու պաշտպանական նշանակության ապրանքների եւ բաղադրիչների արտահանումը»:





























