Իջեւանում սպա Արտակ Նազարյանի մահվան մեջ մեղադրվող զինծառայողներից մեկին ազատ են արձակել:
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչության փոխանցմամբ, «2011 թվականի հունիսի 8-ին ստացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության հետեւություններով չի հաստատվել Հարութիկ Կիրակոսյանի գործողությունների եւ Արտակ Նազարյանի ինքնասպանության միջեւ ուղղակի պատճառահետեւանքային կապի առկայությունը, ինչի հիման վրա 2011 թվականի հունիսի 14-ի որոշմամբ փոփոխվել է Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը («պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետեւանքներ պատճառելով»), եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը») հատկանիշներով:
Նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնցով նախատեսված մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու առվելագույն 6-ամսյա ժամկետը լրացել է, իսկ Հարութիկ Կիրակոսյանը հանդիսանում է պարտադիր ժամկետային զինծառայող` Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի կողմից հունիսի 14-ին որոշում է կայացվել Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին եւ վերջինիս նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել` զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը»:
Հիշեցնենք, որ լեյտենանտ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի 27-ին: Պաշտոնական վարկածով, երիտասարդն ինքնասպանություն է գործել, եւ հարուցվել է քրեական գործ Ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Սակայն Նազարյանի հարազատները համոզված են, որ սպանություն է եղել:
Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Նազարյանի չորս ծառայակիցները՝ կապիտան Հակոբ Մանուկյանը (իշխանության չարաշահում), շարքայիններ Ադիբեկ Հովհաննիսյանը, Հարութիկ Կիրակոսյանը Մխիթար Մխիթարյանը (ղեկավարի նկատմամբ բռնի գործողություններ):




























