Գյումրիում  «հիվանդատիրոջ» կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած վիրաբույժ, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Աշոտ Գրիգորյանի դեպքում չի եղել ոչ սխալ բուժծառայության, ոչ էլ կանչի ուշ իրականացում։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը` հավելելով, որ իրենք այդ ամենը ստուգել են մի քանի աղբյուրից. «21-րդ դարում բռնությամբ ոչ մի հարց չի լուծվում, չի կարելի  նման դաժան վերաբերմունք ցուցաբերել բժշկի հանդեպ»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 26-ի երեկոյան շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանել է «հիվանդատեր» 28-ամյա Արտակ Կարապետյանը: Արտակի հայրը վատ է զգացել, որի համար շտապ բուժօգնություն են կանչել: Շտապօգնության բրիգադը մի քանի րոպե ուշացել է, ինչն էլ զայրացրել է ոչ սթափ վիճակում գտնվող Արտակին: Վերջինս սկզբում տանը ծեծի է ենթարկել բժշկին, պատճառաբանելով, թե ինչու ես ուշացել: Իսկ երբ բժիշկը օգնություն է ցուցաբերել հիվանդին` նրան դեղ ներարկելով եւ իջել բակ, Արտակն այս անգամ բակում է ծեծի ենթարկել բժշկին: Բժիշկը հենց մուտքի մոտ էլ մահացել է:Ծեծին ներկա են եղել բուժքույր Լամարա Հարությունյանը եւ շտապօգնության վարորդը: