Կոտայքի մարզիում այսօր` հունիսի 30-ին ժամը 13-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամին Երեւան-Սեւան ավտոմայրուղու 37-րդ կմ-ում միմյանց են բախվել «ԶԱԶ-1102 Տավրիա» մակնիշի 61 ՍՍ 474 համարանիշի եւ «Դեյվու Նեքսիա» մակնիշի Լ 2156 համարանիշի տաքսի ծառայության ավտոմեքենան:
Բախման հետեւանքով «Տավրիան» շրջվել է, սակայն, բարեբախտաբար, ճամփեզրին տեղադրված երկաթյա արգելապատնեշները պահել են եւ մեքենան չի գլորվել ձորը:
Դեպքի վայրից Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել «Տավրիայի» վարորդ, 48-ամյա Աշոտ Իսրայելյանը, իսկ մտաքսի ավտոմեքենայի վարորդը 45-ամյա Գեղամ Կարապետյանը դեպքի վայրում էր եւ նրա վերնաշապիկի վրա կային արյան հետքեր:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կոտայքի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանի, քննիչներ Արման Բաղդասարյանի եւ Վահե Կարապետյանի գլխավորությամբ:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Երկու ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին:












Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























