Թունիսի առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 96 անօրինական միգրանտի կյանք երկրի հարավ-արեւելյան ափերին, հաղորդում է Սինխուան:

Փրկարարական գործողությունն անցկացվել է Մեդենին նահանգի Զարզիս ափի մոտ, որտեղ առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել անօրինական միգրանտներին խորտակվող նավից: Հաջողվել է փրկել 96 մարդու կյանք, սակայն փոքր փայտյա նավում գտնվող 43 միգրանտ դեռեւս համարվում են անհետ կորած, փրկարարական գործողությունը շարունակվում է: Թունիսի ափերից դեպի Իտալիա ապօրինի միգրացիայի փորձերը մեծացել են ամառվա սեզոնին բարենպաստ եղանակային պայմանների պատճառով: