Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեղադրական եզրակացությունը, որը ներկայացվել է  Trump Organization-ին ու ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենին, հիշեցնում է կոմունիստական դիկտատուրան, հաղորդում է Washington Examiner-ը:

Մեղադրելով Նյու Յորքի դատախազությանը «դատախազական սխալ վարքի մեջ»՝ Թրամփը հայտարարել է Ֆլորիդայում, որ Trump Organization-ի եւ դրա ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգի դեմ մեղադրանքները ցույց են տվել, որ ղեկավարությունն աղճատում է օրենքն ու չարաշահում այն իր քաղաքական ընդդիմադիրների դեմ:

ԱՄՆ նախկին նախագահն անվանել է նեղադրանքները՝ որպես ինքնատիպ հետապնդում, որը կարելի էր տեսնել Երրորդ աշխարհի երկրներում:

«Դա հիշեցնում է կոմունիստական դիկտատուրան՝ ուղղված քաղաքական ընդդիմախոսների դեմ... կեղծ մեղադրանքներ, որոնց նպատակն է լռեցնել, արդարադատության համակարգի չարաշահում եւ մամուլում տեղեկատվության ամենօրյա արտահոսք»,-ասել է նա՝ անվանելով դատախազների գործողությունները ֆաշիստական եւ ավտորիտար:

Անցած շաբաթ Trump Organization-ի փաստաբանները փաստացի հանդիպել էին Մանհեթենի դատախազների հետ: Ընկերության փաստաբան Ռոնալդ Ֆիշեթին հայտարարել էր, որ Թրամփին մեղադրանք չի առաջադրվի առաջին մեղադրական եզրակացությունում, եւ հավելել, որ ընկերությունը հերքում է մեղադրանքները: