Չորս զոհ է հայտնաբերվել հրդեհի հետեւանքով, որը մոլեգնում է արդեն երկորդ օրը Կիպրոսում: Պաշտոնյաներից մեկն անվանել է այդ հրդեհը՝ որպես ամենավատը պատմության մեջ, գրում է Reuters-ը:

Կրակը, որն ավելի է տարածվել ուժգին քամիների պատճառով, ընդգրկել է առնվազն 10 բնակավայր 50 քառակուսի կիլոմետր տարածքում:

Զոհերը, ենթադրաբար, Եգիպտոսի քաղաքացիներ են, նրանց դիերը հայտնաբերվել են Լիմասոլ եւ Լառնակա քաղաքներից դեպի հյուսիս ընկած հատվածում՝ Օդու համայնքի մերձակայքում:

ԵՄ-ի գործադիր իշխանությունը՝ Եվրահանձնաժողովը, հայտարարել է, որ հրշեջ ինքնաթիռները մեկնել են Հունաստանից կրակի դեմ պայքարելու համար, եւ Իտալիան նույնպես պատրաստվում է հրշեջներ ուղարկել:

«Դա ամենասարսափելի հրդեհն է Կիպրոսի պատմության ընթացքում»,-ասել է Անտառային տնտեսության դեպարտամենտի տնօրեն Հարալամբոս Ալեքսանդրուն:

Հրդեհի պատճառը, որը բռնկվել է շաբաթ ցերեկը, հայտնի չէ: Կիպրոսում ամառային ամիսներին գրանցվում է բարձր ջերմաստիճան, իսկ վերջին օրերին այն գերազանցում է 40 աստիճանը՝ ըստ Ցելսիուսի: Ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհի կապակցությամբ հարցաքննում է 67-ամյա քաղաքացու: