Ֆրանսիայի դեսպանը հանդիմանել է Լիբանանի վարչապետին այն բանի համար, որ երկիրը գտնվում է շրջափակման մեջ, եւ տնտեսական փլուզման համար մեղադրել է լիբանանյան առաջնորդների «վատ կառավարման եւ անգործության» տարիները, հաղորդում է Reuters-ը:

Համաշխարհային բանկը լիբանանյան ճգնաժամն անվանել է ժամանակակից պատմության մեջ ամենավատ ընկճախտներից մեկը: Արժույթը կորցրել է իր արժեքի ավելի քան 90%-ը, իսկ բնակչության կեսից ավելին հայտնվել է աղքատության մեջ:

Լիբանանում Ֆրանսիայի դեսպան Անն Գրիլոն երեքշաբթի խոսել է ի պատասխան ժամանակավոր վարչապետ Հասան Դիաբի ելույթի, որը դեսպաններին հայտնել է, որ երկիրը շրջափակված է, եւ նախազգուշացրել է վերահաս հասարակական ալեկոծությունների մասին:

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության մեջ Գրիլոն ճգնաժամի համար մեղադրել է լիբանանյան «քաղաքական դասին»:

«Բայց ինչն է վախեցնում, պարոն վարչապետ, այն, որ այսօր այս դաժան փլուզումը... երկար տարիներ կանխամտածված անգործության արդյունք է»,- ասել է նա:

«Սա ձեր սեփական գործողությունների, քաղաքական դասի արդյունքն է: Սա է իրականությունը»,- ընդգծել է դեսպանը:

Հասան Դիաբը Լիբանանի վարչապետ է դարձել դեկտեմբերի 19-ին՝ երկար վեճերից հետո, մինչ այդ լինելով Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, որը 2011-2014 թվականներին զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը: