Այս տեսակի արագաչափերը ժամանակային առումով իրենց սպառել են, անհրաժեշտ է Ա կետից Բ կետը փոխկապակցված արագաչափեր ունենալ, որպեսզի միջին արագություն հաշվարկեն և ըստ դրա կիրառվեն տուգանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` անդրադառնալով վերջին օրերին Երեւանի եւ մարզերի մի շարք ճանապարհներին արագաչափեր եւ լրացուցիչ տեսանկարահանող սարքեր տեղադրելու մասին որոշմանը:
«Չեմ կարող ասել՝ այլ տեղերից են տեղափոխել, թե նոր են։ Կարծում եմ՝ միգուցե որոշները տեղափոխվել են, որոշները՝ վերագործարկվել և կան նորերը։ Ոստիկանությանն էլ, կառավարությանն էլ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ այս տեսակի արագաչափերը ժամանակային առումով իրենց սպառել են, անհրաժեշտ է Ա կետից Բ կետը փոխկապակցված արագաչափեր ունենալ, որպեսզի միջին արագություն հաշվարկեն և ըստ դրա կիրառվեն տուգանքները: Այսինքն այն վարորդները, ովքեր սովորություն ունեն անգիր հիշելու, թե որտեղ են այդ արագաչափերը տեղադրված, նրանք այդ վայրում են մենակ դանդաղ երթևեկում, իսկ մնացած մասերում արագ են երթևեկում: Իսկ տեսահսկման սարքերը մի քանի վայրերում են ավելացել կամ տեղափոխվել: Դա հիմանականում կապված է Դավիթաշենի կամրջի հետ, որտեղ շատ խնդրահարույց իրավիճակ է, այնտեղ բազմաթիվ են հանդիպակաց դուրս գալու դեպքերը, ընդ որում՝ քաղաքացիները գիտեն, որ խախտում են անում, բայց միևնույնն է՝ անում են»,-ասաց նա:
Ղահրամանյանի խոսքով` ստացվում է՝ քաղաքացիները, որոնք հստակ գիտեն, որ կարգը խախտում են, պարզապես չեն տուգանվում, դրանով իսկ արհամարհելով երթևեկության մասնակիցներին՝ կատարում են այդ խախտումները։
«Բնականաբար այն վայրերում, որտեղ կան տեսախցիկներ, այնպես չէ, որ իսպառ վերանում են խախտումները, զգալիորեն նվազում են, բայց տվյալ հատվածում, ոչ ավելին։ Արագաչափեր տեղադրելը կամ տեղափոխելը սովորական երևույթ է։ Չեմ կարծում, որ դրա հետ կապված խնդիր կա, դա ոչ կարգազանց վարորդների համար որևիցե նշանակություն չունի, պարզապես ոստիկանությունը իր կարգավորումներով իր պարտքն է կատարում՝ տեղեկացնելով, թե որտեղ է տեղադրվելու»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ իշխանությունները դեռ 3 տարի առաջ խոստանում էին լիովին հանել, կամ նվազեցնել արագաչափերի եւ տեսանկարահանող սաքերի թիվը, սակայն իրականում ավելացրել է, Ղահրամանյանը շեշտեց, որ նրանք չէին հասկանում, թե ինչ է իրականում կատարվում և իրավիճակին չտիրապետելով նման արտահայտություններ են արել:
«Դա իրենց թերություններից մեկն է, այդ ամպագորգոռ հայտարարությունները, որ իրենք արել են մինչև իշխանության գալը, իրենց ամենամեծ թերություններից մեկն է։ Սա միակ ուրախալի դեպքն է, որ ասել են մի բան, արել՝ հակառակը, կարծում եմ՝ մինչև իշխանության գալը չէին պատկերացնում, թե ինչ է իրականում կատարվում և իրավիճակին չտիրապետելով նման արտահայտություններ են արել։ Այնուամենայնվ ամբողջությամբ չեն իրականացնում, քանի որ քաղաքական կամք չունեն, որ Երևանից դուրս ևս երթևեկության վերահսկման սարքավորումներ տեղադրվեն, որովհետև անհավասար պայմաններ են երևանաբնակ վարորդների և որևէ մարզկենտրոնում բնակվողի համեմատության դեպքում։ Մարզերում չկան տեսախցիկներ, կան միայն արագաչափեր, և երևանյան վարորդները ավելի շատ են մանրադիտակի տակ, քան մարզային բնակավայրերի տրանսպորտային միջոցների վարորդները, ընդ որում՝ մարզերում ամենևին քիչ չի, այլև շատ են խախտումներ իրականացնում, պարզապես վերահսկման համակարգերը չկան, որպեսզի վարչարարություն իրականացվի։ Դրա համար քաղաքական կամք է պետք, հույս ունեմ՝ որ էլի որևէ հակասական հայտարարություն կարվի, որի արդյունքում մարզերում ևս տեսահսկման համակարգեր կլինեն»,- հավելեց նա։



























