Հուլիսի 3-6-ին Հայաստանում է գտնվելու ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին: Նրան ուղեկցելու է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունների եւ ծառայությունների գծով գործադիր տնօրեն Զոլտան Սոմոգիյը:

Այցի ընթացքում Թալեբ Ռիֆաին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության եւ մի շարք միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության արդիական խնդիրները:

Հուլիսի 5-ին Թալեբ Ռիֆաին կհանդիպի Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին նախատեսվում է «Հարավկովկասյան զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՄԱԿ ԶՀԿ միջեւ: Հուշագիրը կստորագրեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին:

Հուշագրի հիմնական նպատակն է հարավկովկասյան զբոսաշրջության քաղաքականության եւ կառավարման համագործակցության շրջանակի ձեւավորումը: Նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի կողմերին էապես նպաստել հարավկովկասյան աշխարհագրական տարածքի զբոսաշրջային կենտրոններում եւ կլաստերներում միջազգային լավագույն փորձի ներդրմանը: