2011թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 375 հրդեհ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 342 հրդեհ: Աճը կազմել է 9,6 տոկոս: Այդ մասին այսօր` հունիսի 1-ին նշել են հրդեհային անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիսում:
2011թ. հրդեհների պատճառով մահացել են 8 մարդ, 7-ը` բնակելի հատվածում, 1-ը` մեքենայի մեջ, 18 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել: Հասցված վնասը կազմել է 100 մլն դրամ: Հրդեհների մոտ կեսը տեղի է ունեցել մայրաքաղաքում:
ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը նշել է, որ 2010 թվականը հրդեհման հաճախականությամբ ռեկորդային էր, եւ այս տարին, ըստ առկա պատկերի, կարող է ավելի ռեկորդային լինել: Նա նաեւ նշել է, թե հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում իրենք երբեմն բախվում են արհեստական խոչընդոտենրի հետ` ապօրինի կառույցներ, խաղողի թարմաներ, մեքենաների անցումն արգելող սյուներ, ջրամատակարարման խափանումներ:
Խնդիր է նաեւ քաղաքացիների անտարբերությունը:
ԱԻՆ ներկայացուցիչները նաեւ բնակչությանը կոչ են արել ավելի զգոն լինել եւ հրդեհի առաջացման պատճառ չդառնալ:



























