«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր` հուլիսի 1-ին կայացած ասուլիսում ամփոփվել է Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացվող հայ-ֆրանսիական պեղումների քառամյա ծրագիրը:
Պեղումները, որ ֆինանսավորում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն եւ իրականացվում է ֆրանսիացի եւ հայ հնագետների միացյալ արշավախմբի կողմից, նպատակ ունեն նոր ուսումնասիրությունների եւ բացահայտված գտածոների հիման վրա պատասխանել հնագետների կողմից մինչ օրս դեռեւս առաջադրվող հարցականներին:
«Էրեբունի» արգելոց-թագարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշել է, որ ուսումնասիրությունների հենց սկզբից հնավայրը դիտարկվել է որպես ուրարտական քաղաք, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին: 1960-ականներին իրականացված վերականգնողական աշխատանքները նպատակ են ունեցել հանրության համար վերստեղծել հենց այս ժամանակաշրջանը: Սակայն Աքեմենյան ժամանակաշրջանով թվագրվող 30-սյունանի դահլիճի, մ. թ. ա. 5-րդ դարով թվագրվող Միլլեթյան դրամների եւ այլ տարրերի լույս աշխարհ գալը փաստում են, որ այս ամրոցում կյանքը շարունակվել է մ. թ. ա. 8-րդ դարից հետո եւս: Այս վարկածի հավանականությունն են փաստում 1998թ. հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի կողմից արված ուսումնասիրությունները եւ հնագիտական հորատումները:
Պեղումներ են կատարվել Խալդի աստծո տաճարի անմիջական մերձակայքի այն հատվածներում, որոնք հարաբերականորեն զերծ են մնացել 50-70-ականների խորհրդային պեղումներից:
Հիշեցնենք, որ Էրեբունիում ընթացող հայ-ֆրանսիական համագործակցությունը արդյունավետ եւ հեռանկարային էր գնահատել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռոնոն, ով հնավայր էր այցելել ս. թ. հունիսի 25-ին ` Ֆրանսիայի արտգործնախարարության 2 ներկայացուցիչների հետ:




























