ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ԼՂ խնդրին վերաբերող հակահայկական բանաձեւի ներառմանը:
«2006թ.-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգություն ու զարգացման վրա», իսկ դրանից առաջ նաեւ Ադրբեջանի տարածքներում իրավիճակի մասին կետերը, որոնց ներառման հարցում, ինչպես Հայաստանը, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ այլ երկրները դեմ են եղել ի սկզբանե:
ԳԱ-ի օրակարգում այդ երկու կետերը ներառելու մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք համարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաեւ միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարեւորագույն բանակցային գործընթացներ եւ այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը, կշարունակի խոչնդոտել բանակցությունների ընթացքը կողմերի եւ միջնորդների միջեւ:
Ավելին, միջազգային խաղաղության ու անվտանգություն համատեքստում այդ կետերը ՄԱԿ-ի համար առաջնային կամ հրատապ չեն կարող հանդիսանալ, համեմատած այն ճգնաժամային դեպքերի ու խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհի տարբեր մասերում եւ որոնց շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հիմնական մարմիններում այդ թվում Գլխավոր ասամբլեայում, Անվտանգության խորհրդում կամ ասենք Արդարադատության միջազգային դատարանում: Այլ բան է, որ Ադրբեջանը ռազմատենչ, պատերազմ ու ագրեսիա սանձազերծելու իր շարունակական հայտարարություններով եւ սադրիչ գործողություններով փորձում է միջազգային կառույցներում, այդ թվում ՄԱԿ-ում ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի պատկեր` դրանով իսկ վտանգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերը:
Օրակարգի այս կետերն ամեն տարի փոխանցվում են ԳԱ-ի հաջորդ նստաշրջան կոնսենսուսային որոշմամբ: Այդպիսի որոշում դեռեւս չի կայացվել, ինչպես որ այդ մասին գրում են լրատվամիջոցները: Իսկ եթե այդ ուղղությամբ լինեն քննարկումներ, ապա, վերը բերված պատճառաբանությամբ, Հայաստանը չի միանա կոնսենսուսային որոշմանը: Ավելին, մենք դեմ ենք այդ կետերով ներկայացված բանաձեւերին եւ առաջարկներին, որի համար էլ Վրաստանի կողմից ներկայացրած՝ Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից փախստականների ու ներքին տեղահանվածների կարգավիճակ մասին բանաձեւին Հայաստանը «դեմ» է քվեարկել»,- ասել է Կ. Նազարյանը:




























