Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 1-ին մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 93-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացմանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցներն այսօր ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին` հարգելով նրա հիշատակը։ Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո ազդարարվել է հանդիսավոր նիստի սկիզբը։
Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մեր առջեւ ծառացած կարեւորագույն եւ թիվ մեկ խնդիրը պայքարն է կոռուպցիայի դեմ. լրջագույն հիվանդություն, որ կա մեր հասարակության մեջ, առանց որի հաղթահարման մենք չենք կարող կառուցել արդար ժողովրդավարական սկզբունքներով ապրող եւ առաջնորդվող պետություն: Այդ տեսակետից կարեւորում եմ այն թեզը, որ դատախազության աշխատանքները պետք է լինեն թափանցիկ, եւ դա է դատախազության աշխատանքի նկատմամբ վստահություն ապահովելու ճանապարհը, ինչը խիստ կարեւոր է դատախազության աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսակետից»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրել է Երեւանի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանին եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գեւորգ Երեմյանին։ ՀՀ վարչապետն անվանական զենքով է պարգեւատրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Նադոյանը, ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը: Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաեւ ՀՀ վարչապետի եւ այլ պետական գերատեսչությունների մեդալներով եւ շնորհակալագրերով։




























