«Ղարաբաղյան խնդիրն այլ լուծում չունի, քան ինքնորոշման իրավունքը»,- այս մասին հուլիսի 1-ին Կիեւում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունեցող միջազգայնորեն ճանաչված միավոր է։ Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, լիարժեքորեն իրականացվի։ ԼՂ խնդիրն այլ լուծում չունի»,- հայտարարել է նա։

Սարգսյանը հայտնել է, որ ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային դերը ղարաբաղյան կարգավորման գործում։

Բացի այդ, Հայաստանի նախագահի խոսքով, Կազանի անհաջող բանակցությունները բանակցային գործընթացի վերջ չեն նշանակում։ «Ծայրահեղ դեպքում, մեկ հնարավորություն է բաց թողնվել... ամեն դեպքում, մինչ նոր հանդիպում մենք կորցրել ենք այդ հնարավորությունը»։

Միաժամանակ Սարգսյանը հայտնեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել ջանքեր գործադրել բանակցային գործընթացում։ «Երեկ Ռուսաստանի նախագահն ինձ հեռախոսով ասաց, որ արդեն ուղարկել է խնդրի իր տեսլականը՝ գրավոր ձեւով, ես կարծում եմ, որ մենք շուտով կստանանք, կտեսնենք՝ ինչպես այսուհետ առաջ շարժվել»,- ասել է նա, հայտնում է Telegraf.by-ը։