Կառավարությունն արդեն իսկ պետք է հաշվարկ կատարի՝ եթե Երևանում 3 տարվա ընթացքում եկամտահարկի փոխհատուցումը դադարեցվում է, մայրաքաղաքում շինարարության ծավալները որքանո՞վ կարող են նվազել և արդյո՞ք աճ լինելու է մարզերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով մինչև 2025 թ. փուլ առ փուլ հիփոթեքային վարկավորման դեպքում վարձու աշխատողների եկամտահարկի վերադարձի արտոնությունը Երևանի ողջ տարածքում վերացնելու կառավարության որոշմանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին շինարարության ոլորտում ակտիվություն էր նկատվում հենց եկամտահարկի փոխհատուցման արտոնությամբ հիփոթեքային վարկավորման շնորհիվ, որովհետև աշխատավարձերի միջին չափը չի բավարարում քաղաքացիներին վարկեր վերցնելու համար, իսկ եկամտահարկի վերադարձի արտոնությունը նման հնարավորություն էր ընձեռում:
«Կորոնավիրուսի բացասական հետևանքներն անգամ առանձնապես չազդեցին շինարարության ծավալների վրա, նույնիսկ՝ պատերազմը: Առաջարկում էի անգամ կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվին դասել նաև շինարարության ոլորտը, որովհետև դրա ծավալների աճը հանգեցնում է ոչ միայն շինարարական հումքի ներկրկման մեծացմանը, այլ նաև տեղական արտադրության խթանմանը՝ շինանյութի 90%-ը հենց Հայաստանում է արտադրվում՝ ցեմենտ, քար, ավազ, մետաղական պարագաներ, ներկեր, անգամ՝ պատուհաններ, որոնց հումքը թեև ներկրվում է, բայց արտադրությունը Հայաստանում է կատարվում: Ուստի, շինարարական ոլորտի ակտիվությունը նմանատիպ արտադրության ծավալներն է մեծացնում»,- նկատեց տնտեսագետը:
Մակարյանը, միաժամանակ, հիշեցնում է՝ մարզային զարգացման ծրագրերը քիչ են, եկամտաբերությունն է համեմատաբար ցածր, և շինարարության ծավալները շատ ավելի փոքր են:
«Կառավարությունը փորձում է ակտիվացման արհեստական գործիք կիրառել, որ շինարարական ընկերությունները ստիպված մարզերում սկսեն կառուցապատում իրականացնել: Մյուս կողմից՝ պետության նպատակն է ներքին միգրացիան կասեցնել, որովհետև շատերը մարզերից տարբեր հանգամանքներից ելնելով Երևան են տեղափոխվում և մայրաքաղաքում մնա: Բայց կառավարությունն այս որոշմանը զուգահեռ առաջիկա երեք տարում պետք է փորձի մարզերում տնտեսությունն ու արդյունաբերությունն ակտիվացնել, որ մարդիկ շահագրգռված լինեն մարզում մնալ, աշխատել, հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերել: Բացի այդ, մարզային զարգացման ծրագրեր պետք է իրականացվեն՝ տեղի բնակչության համար բավարարող կենսապայմաններ ապահովելու և մարզում ապրելը գրավիչ դարձնելու համար»,- նշեց Մակարյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ կառավարությունն արդեն իսկ պետք է հաշվարկ կատարի՝ եթե Երևանում 3 տարվա ընթացքում եկամտահարկի փոխհատուցումը դադարեցվում է, մայրաքաղաքում շինարարության ծավալները որքանո՞վ կարող են նվազել և արդյո՞ք աճ լինելու է մարզերում:
«Հակառակ դեպքում կարող է երեք տարին անցնել, Երևանում արտոնությունը կվերացվի, իսկ մարզերում այդպես էլ շենքեր չեն կառուցվի, որովհետև եթե կառավարությունը չհասցնի այդ պայմաններն ապահովել, մարդիկ էլի կհեռանան մարզերից: Պետք է նաև հաշվի առնել, որ շինարարական ընկերությունները շտապելու են մինչև արտոնության վերացումն արագ իրականացնել նախագծերը, փորձելու են արագ-արագ շինարարական թույլտվություններ ստանալ, որպեսզի հասցնեն, իսկ այդպիսի շտապողականությունը հանգեցնելու է պետական մարմիններ շինթույլտվությունների դիմումների հսկայական քանակության՝ մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով»,- նկատեց Մակարյանը:




























