Իսրայելի ոստիկանությունը «Մոսադ»-ի նախկին ղեկավար Յոսի Կոհենի դեմ «մի շարք հարցերով» նախնական հետաքննություն է սկսել։
Գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտի եւ ոստիկանության կողմից սկսված հետաքննությունը չի նշանակում, որ պարտադիր պետք է քրեական գործ հարուցվի: Այն հաճախ օգտագործվում է որպես բարձրաստիճան հասարակական գործիչների մասնակցությամբ զգայուն հարցերի հետազոտման գործիք: Այս պահին Կոհենը քրեական կարգով չի ենթարկվի հարցաքննության, սակայն նրան կարող են հրավիրել որպես վկա:
Հաշվի առնելով հանգամանքները՝ լիարժեք քրեական հետաքննության հնարավորությունները մեծ չեն: Խոսքն այն մասին է, որ Կոհենի դուստրը իր հարսանիքին 20 000 դոլար նվեր է ստացել ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից: Այն ժամանակ «Մոսադ»-ի իրավաբանը Կոհենին խորհուրդ էր տվել ընդունել նվերը: Հետագայում նա վերադարձրել է գումարը, երբ հարցը վիճելի է դարձել:
Կոհենն ասել է, թե ափսոսում է, որ ինքը եւ իր դուստրը ընդունել են նվերը, սակայն ինքը չի կարծել, որ դա այն ժամանակ խնդիր էր` հաշվի առնելով, թե որքան հարուստ է Փաքերը, եւ որ նա դրա դիմաց ոչինչ չի խնդրել:
Ոստիկանությունը նաեւ կդիտարկի այն պնդումները, որ Կոհենը տեղեկատվություն է փոխանցել մի կնոջ, ում հետ նա մտերիմ հարաբերություններ է ունեցել «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու ժամկետի ավարտին:





























