2182 թվականի սեպտեմբերի 24-ին կես կիլոմետր տրամագիծ ունեցող Բեննու աստերոիդի՝ Երկրի հետ բախման ամենամեծ հավանականությունը կլինի վերջին 300 տարվա ընթացքում: Ռիսկը, սակայն, փոքր է՝ ընդամենը 0,037 տոկոս: Սա աստղագետներին հայտնի է դարձել OSIRIS-REx սարքավորման հավաքած մեծ թվով տվյալների ուսումնասիրությունից հետո, որը երկու տարի շարունակ պտտվել է աստերոիդի շուրջը, գրել է HighTech+-ը:

NASA-ի գիտնականները ենթադրում են, որ բախման վտանգն այնքան աննշան է, որ ոչինչ հարկավոր չէ ձեռք առնել: Սակայն նրանք շարունակում են ուշադիր հետեւել այս եւ մեկ այլ աստերոիդի ((29075) 1950 DA) վարքագծին, որոնք համարվում են Երկրի համար երկու ամենավտանգավոր երկնային օբյեկտները: Չնայած Բեննուն ութ անգամ փոքր է դինոզավրերին ոչնչացրած աստերոիդից, դրա հարվածը կարող է լուրջ ավերածություններ առաջացնել:

Աստերոիդի նմուշներ Երկիր բերելու առաջադրանքով՝ OSIRIS-REx միջմոլորակային կայանը Բեննու է հասել 2018 թվականին եւ հետեւել դրան մինչեւ 2020 թվականի հոկտեմբեր՝ ուսումնասիրելով կազմությունը, զանգվածը եւ ջերմաստիճանը: Այնուհետեւ սարքավորումը վերցրել է 1 կգ փոշի ու քարեր եւ ուղեւորվել «տուն»: Այն պետք է բեռնաթափվի Յուտա նահանգի անապատում 2023 թվականի սեպտեմբերին, հաղորդել է Science-ը:

Գիտնականները կարծում են, որ Բեննուն ավելի մեծ երկնային մարմնի բեկոր է՝ ստեղծված պրոտոմոլորակային սկավառակի փոշուց, որը ձեւավորվել է Արեգակնային համակարգի ձեւավորման վաղ շրջանում: Աստերոիդը պտտվում է Արեգակի շուրջը, երբեմն՝ մոտենում Երկրին, ինչը հեշտացնում է դրա ուսումնասիրությունը:

Նախորդ դիտարկումներից աստղագետները եզրակացրել են, որ հաջորդ անգամ աստերոիդը Երկրին կմոտենա 2135 թվականին, ինչից հետո դրա հետագիծը պարզ չէ, քանի որ հայտնի չէ, թե մեր մոլորակի ձգողության ուժը ինչպես կազդի դրա վրա: