Աֆղանստանի բանակի մի քանի հազար զինծառայողներ կենտրոնանում են Փանջշիր նահանգում՝ երկրի միակ շրջանում, որը չի վերահսկվում թալիբների կողմից, հայտնել է The Sun թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Փանջշիրում զորքեր են ձեւավորվում, որոնք պատրաստ են շարունակել թալիբների դեմ պայքարը «մինչեւ արյան վերջին կաթիլը»: Խոսքը, մասնավորապես, այն զինծառայողների մասին է, ովքեր վերապատրաստվել են Մեծ Բրիտանիայի Ավիադեսանտային հատուկ ծառայություն խորհրդատուների մոտ:
Բոլոր զինվորներին կամ աշխարհազորայիններին, ովքեր ցանկանում են շարունակել թալիբների դեմ պայքարը, խրախուսում են հավաքվել Փանջշիրում, որտեղ Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն իրեն երկրի օրինական առաջնորդ է հռչակել:
«Միացեք դիմադրությանը: Ես երբեք, երբեք եւ ոչ մի դեպքում չեմ խոնարհվի թալիբ ահաբեկիչների առաջ», - Twitter-ում գրել է Սալեհը:
«Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին առանց կռվի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ վերահսկողություն հաստատել մայրաքաղաքի վրա: Նախագահ Աշրաֆ Ղանին վայր է դրել իր լիազորությունները եւ փախել Աֆղանստանից: Արեւմտյան պետությունները հանրապետությունից տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանության աշխատակիցներին:





























