Ամերիկյան Ronald Reagan ավիակրի F/A-18 կործանիչները անվտանգության ապահոման նպատակով թռիչքներ են իրականացրել Աֆղանստանի մայրաքաղաքի վրայով, այս մասին հայտնել է գեներալ Հենք Թեյլորը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Անցած 24 ժամվա ընթացքում Ronald Reagan հարվածային ավիակիր խմբի F/A-18 կործանիչները զինված թռիչքներ են իրականացրել Քաբուլի վրայով՝ դիտարկման եւ անվտանգության ապահովման նպատակով: Մենք պահպանում ենք զգոնությունը եւ անընդհատ գնահատականներ ենք տալիս՝ ամերիկացիների անվտանգությունը ապահովելու համար», - ասել է գեներալը:

Բացի այդ, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ կործանիչները «չեն թռչում ցածր բարձրությունների վրա»: Կործանիչները «օդում են գտնվել ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չունեցող զինծառայողների տարհանման գործողության մեկնարկից առաջ»:

«Սրանք հակաօդային պաշտպանության խելամիտ միջոցներ են՝ համոզվելու համար, որ մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենակիցներին եւ մեր գործողությունները ցանկացած սպառնալիքից», - հավելել է Քիրբին:

Նա ընդգծել է, որ Պենտագոնը չի արձանագրել ամերիկացի զինվորականների եւ թալիբների միջեւ կոնֆլիկտ: «Մենք հստակ հասկացրել ենք թալիբներին, որ օդանավակայանում գործողությունների ընթացքում մեր հայրենակիցների վրա ցանկացած հարձակում վճռական պատասխանի է արժանանալու», - նշել է մամուլի քարտուղարը: