Քաբուլի օդանավակայանում տեղակայված զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել՝ աֆղանստանցիների ամբոխին զսպելու համար, որը փորձում էր մուտք գործել օդանավակայան՝ այդ տարածքում կարգուկանոնը վերականգնվելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունից մեկ օր անց: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:
Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ զինվորները նաեւ օդ են կրակել՝ ամբոխը ցրելու համար: Այնուամենայնիվ, անհայտ է մնում, թե արդյո՞ք զինվորներն ամերիկացիներ են եղել, քանի որ բրիտանական, աֆղանական եւ եվրոպական այլ զորքեր նույնպես տեղակայված են օդանավակայանում:
Ամերիկացի զինվորականներից որեւէ մեկնաբանություն չի ստացվել:
Պարբերականի տվյալներով՝ Քաբուլի օդանավակայանի մոտ մի քանի հազար մարդ է կուտակվել, որոնք փորձում են լքել երկիրը: Այնուամենայնիվ, օդանավակայանը հսկող զինվորականները տարածք են թողնում միայն նրանց, ովքեր թռիչքների ուղեւորների ցուցակներում են:





























