Հունաստանը կպաշտպանի իր սահմանները Աֆղանստանից միգրանտների անխտիր հոսքերից, հայտարարել է քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հույն-թուրքական ցամաքային սահմանին տեղակայված ստորաբաժանում կատարած այցի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Մեր սահմանները կմնան անվտանգ եւ անձեռնմխելի: Դա մեր որոշումն է եւ միեւնույն ժամանակ վարչապետի հրամանը, որն այսօր փոխանցում ենք Հունաստանի զինված ուժերի եւ ոստիկանության սպաներին, ինչպես նաեւ տեղի իշխանություններին` պաշտպանել մեր սահմանները: Մենք թույլ չենք տա չարտոնված եւ անկանոն գործողություններ, թույլ չենք տա սահմանները խախտելու որեւէ փորձ», - ասել է Խրիսոխոիդիսը:
«Մենք պաշտպանում ենք մարդկանց ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները, սակայն, միեւնույն ժամանակ, չենք կարող թույլ տալ, որ միգրացիոն հոսքերը վերածվեն [ճնշման] գործիքների», - ասել է նախարարը:
Նա խոսել է սահմանին մոտ 40 կմ երկարությամբ ցանկապատի շինարարության ավարտի մասին, որը հետ է պահելու միգրանտներին:
Հունաստանի իշխանությունները վստահեցնում են, որ թույլ չեն տա կրկնել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը, ինչպես նաեւ անօրինական միգրանտների եւ փախստականների կողմից Հունաստանի սահմանը հատելու փորձերը, որոնք տեղ են գտել անցյալ տարի:





























