«Ֆիզգորոդոկ»-ում շինարարական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են թաղամասի բնակիչները:

«Առավոտյան ոստիկանների ուղեկցությամբ եկել են շինաշխատանքները վերսկսել, սյուներ են տեղարել: Բախումներ չեն եղել, բայց քաղաքացիներից մեկը՝ Հարություն Խաչատրյանը, բերման է ենթարկվել այդ սյուներին մոտենալու, դրանց դիպչելու համար: Նրան ավելի ուշ 50 000 դրամ վարչական տույժի դիմաց ազատ են արձակել»,- հայտնել են բնակիչները:

Թաղամասի բնակիչների ներկայացուցիչներն այսօր կրկին քաղաքապետարանում են եղել, կրկին պահանջել են չեղարկել տրամադրված շինթույլտվությունը, քաղաքապետարանից էլ կրկին հայտնել են, որ քաղաքային իշխանությունը նման իրավասություն չունի:

Բնակիչներից մեկն էլ՝ Հայկ Հարությունյանը, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել:

Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20-ին եւ 21-ին  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Բնակիչները հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչից հետո շինարարությունը երկու օրով դադարեցվել էր։