ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները:
NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների օժանդակությամբ, համայնքի մշակույթի տան շենքը փլուզված լինելու եւ չգործելու պայմաններում, նրանցից մեկին հրամանագրել է որպես գրադարանավար, իսկ մյուսին՝ որպես ակումբավար: Վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել եւ համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, եւ նշված փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով ներկայացրել է վճարման՝ արդյունքում համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակել է նրանց անվամբ որպես աշխատավարձի գումար հատկացված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 3.248.526 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի բնակչուհիներից մեկին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Մյուս բնակչուհու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:



























