«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը՝ հիմնվելով Դ'Оնդտի մեթոդի վրա, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժղովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս մասին ԱԺ-ում հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Իր հերթին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը։ Դրանից հետո Մանուկյանին հարց ուղղեցին, թե արդյոք Ղազինյանը ծառայել է բանակում։ Մանուկյանն առաջարկեց այդ հարցն ուղղել թեկնածուին։
«Նոյեմբերի 9-ից սկսած՝ պարոն Ղազինյանն անձամբ ինձ եւ իմ կուսակիցներին վիրավորում է, անձնական վիրավորանքներ հասցնում, անհիմն եւ անպատասխանատու հայտարարություններ անում մեր հասցեին։ Իմ հարցը հռետորական չէ։ Եթե դուք իմ տեղը լինեիք, կընտրե՞իք պարոն Ղազինյանին»,-Գեղամ Մանուկյանին հարցրեց ՔՊ-ից պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Դրան ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ չէր ընտրի նման թեկնածուի։ Ղազինյանը նշեց, որ ծառայել է երկրին դիվանագիտական դաշտի շրջանակում, մասնակցել է տարբեր կոնֆերանսների եւ հանդիպումների, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ, որոնց անցկացվել են փակ ձեւաչափով։ Բացի այդ, նա նշեց իր գիտական գործունեությունը, որն իրեն թույլ է տվել նախ բանակում ծառայելու տարկետում վերցնել, ապա արդեն ազատվել է զինծառայությունից՝ ընդ որում զինվորական տոմս ստանալ։
Բացի այդ, Ղազինյանը հայտնեց, որ պատերազմի օրերին երկու անգամ դիմել է զինկոմիսարիատ՝ խնդրելով իրեն ռազմաճակատ տանել, սակայն նրան ասել են, որ իր ծառայությունների կարիքը չկա, եւ անհրաժեշտության դեպքում կապ կհաստատեն իր հետ։
Հանձնաժողովի անդամներն անդրադարձան բազմաթիվ թեմաների եւ հարցերի, որոնք հիմնականում կապված էին Ղազինյանի հայտարարությունների հետ, որոնք նա արել է նոյեմբերի 9-ից հետո։
Քննարկումների ժամանակ ՔՊ-ի 3 անդամ հայտարարեցին իրենց դիրքորոշումը, մասնավորապես, հայտնեցին, որ չեն ցանկանում աջակցել Ղազինյանի թեկնածությանը։ Արդյունքում նրա թեկնածությանը հավանություն չտրվեց։ Հանձնաժողովի 10 անդամներից 6-ը չաջակցեցին նրան։Ընդդիմությունը պետք է նոր թեկնածուի առաջադրի։





























