Որեւէ նոր ու արտառոց բան չպարունակող հայտարարություն՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահան Փափազյանն այսպես է գնահատել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունը։ Խոսքը ԼՂ-ում մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առթիվ արած հայտարարության մասին է, որում Ա. Նեստերենկոն ասել էր. "Մոսկվան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես եւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերն ու սկզբունքները։
NEWS.am-ի դիտարկմանը, որ հայտարարության մեջ հատուկ շեշտված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Վ. Փափազյանն արձագանքել է. «Ես դրանում որեւէ նոր բան չեմ տեսնում։ Սակայն, եթե ցանկություն կա պարսպի վրա դրված նոր քար տեսնել, ապա տարածքային ամբողջականության սկզբունքը ընդգծելը գուցե նորություն համարենք»։ ՀԱԿ ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել Նեստերենկոյի հայտարարության հատկապես այն հատվածի վրա, որտեղ խոսվում է այն մասին, թե ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում՝ «բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում»։
«Ցանկության դեպքում կարելի է այս ձեւակերպումը համարել դրական, քանի որ դա նշանակում է, որ բանակցությունների սեղան պետք է վերադառնա նաեւ ԼՂ-ն»,-նկատել է Փափազյանը։ Նա նաեւ նշել է, թե Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության գլխավոր շեշտադրումն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ընտրություններ տեղի կունենան ԼՂ-ում, դրանք միեւնույնն է՝ չեն ճանաչվում ՌԴ-ի կողմից։
«Նախկինում, սակայն, այսքան բացահայտ չէր Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղում տեղի ունեցող ընտրական գործընթացներին, եւ այն ժամանակ ավելի մեծ թվով դիտորդներ էին մասնակցում։ Իսկ հիմա դրանց նկատմամբ մի տեսակ արհամարհական վերաբերմունք է նկատելի»։
Հիշեցնենք, որ Ա. Նեստերենկոն նշել էր, թե «Մոսկվայում չեն կարծում, որ հակամարտության կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»։



























