Հազարավոր իսրայելցիներ Թել Ավիվում մասնակցել են հակակառավարական հանրահավաքի՝ խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ, որոնք դիտարկվում են որպես երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակցության ստուգում, հաղորդում է AFP-ը։
Մասնակիցները պահանջել են ստեղծել անկախ պետական հանձնաժողով՝ հետաքննելու այն ձախողումները, որոնք թույլ տվեցին ՀԱՄԱՍ-ին իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը։
Ակցիան կազմակերպել էր Հոկտեմբերյան խորհուրդը՝ հարձակման ընթացքում զոհվածների և պատանդ վերցվածների հարազատների միավորումը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանրահավաքին մասնակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտը՝ ընտրություններում Նեթանյահուի գլխավոր մրցակիցներից մեկը։
«Ընտրություններից երեք օր առաջ մենք կանցկացնենք եզրափակիչ միջոցառում, որը կնշանավորի ճշմարտությունը հաստատելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և պետական քննչական հանձնաժողով ստեղծելու համար մղվող պայքարի երեք տարին», — հայտարարել են կազմակերպիչները։
Մասնակիցները շարժվել են Ռաբինի հրապարակից դեպի Պատանդների հրապարակ՝ այն վայրը, որտեղ անցկացվել էին նախորդ ակցիաները՝ Գազայի հատվածում պահվողներին ազատ արձակելու պահանջով։ KAN հանրային հեռարձակողի հարցման տվյալներով, Այզենկոտի դաշինքը կարող է 120 տեղանոց Քնեսեթում 52 մանդատ ստանալ, իսկ Նեթանյահուի դաշինքը՝ 50։ Մնացած մանդատները, ըստ այս կանխատեսման, պետք է բաժին հասնեն հիմնական դաշինքների մեջ չմտնող կուսակցություններին, այդ թվում՝ արաբականներին։
Նեթանյահուի կառավարությունը հրաժարվում է ստեղծել անկախ հանձնաժողով՝ հոկտեմբերի 7-ի իրադարձությունները հետաքննելու համար։ Փոխարենը այն առաջարկել է ձևավորել հանձնաժողով, որի անդամների կեսին կնշանակի իշխող կոալիցիան, իսկ մյուս կեսին՝ ընդդիմությունը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտարարել են, որ չեն մասնակցի մի մարմնի աշխատանքին, որի կազմը որոշվում է քաղաքական գործիչների կողմից։
Հանրահավաքում նաև քննադատել են Նեթանյահուի հայտարարությունները միջազգային մեկուսացման պայմաններում Իսրայելի համար այլընտրանքային թվային տնտեսություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այզենկոտը հեգնանքով վարչապետի առաջարկած հայեցակարգը անվանել է «bbCoin»՝ խաղարկելով նրա Բիբի մականունը, և զգուշացրել, որ նման ուղեգիծը կարող է վնասել երկրի տնտեսությանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտին։
Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։ Նախընտրական հարցումները խոստանում են լարված պայքար, որի պայմաններում երկու հիմնական դաշինքներից ոչ մեկը խորհրդարանում մեծամասնություն չի ստանա։





























